Քաղաքականություն

Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն Ռուբինյան

3 րոպեի ընթերցում

Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Հռոմում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ։

Համաժողովի շրջանակում «Դիմակայուն ժողովրդավարություն, միավորում ընդդեմ հիբրիդային սպառնալիքների» խորագրով քննարկմանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, հիբրիդային սպառնալիքներին հակազդելու և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։

Քննարկումը նախագահել է ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայերը։ Հիմնական զեկուցողներն են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ոչ միայն հիմնարար արժեք է, այլև ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչ։ Նա նշել է, որ ապատեղեկատվությունն ու արտաքին միջամտությունները լուրջ մարտահրավերներ են ժողովրդավարական ինստիտուտների և պետության ինքնիշխանության համար՝ կարևորելով տեղեկատվական դիմակայունության ամրապնդումն ու միջազգային համագործակցությունը։ ԱԺ նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ընտրական ժամանակահատվածում տնտեսության կարևոր ոլորտներին առնչվող առևտրային սահմանափակումներին՝ նշելով, որ տեղեկատվական շահարկումների և քաղաքական ճնշման հետ մեկտեղ դրանք դիտարկվում են որպես ավելի լայն հիբրիդային արշավի մաս, որի նպատակն էր ազդել Հայաստանի ժողովրդավարական ընտրությունների վրա և մեծացնել արտաքին ազդեցության լծակները՝ հօգուտ ընդդիմադիր քաղաքական դերակատարների»,- նշված է հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ԱԺ նախագահը 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը համարել է պատմական հնարավորություն՝ տասնամյակների հակամարտությունից դուրս գալու և կայուն խաղաղություն հաստատելու համար։ Նա կարևորել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացումը՝ հանուն առավել բաց, կայուն և զարգացող Հարավային Կովկասի։

Քննարկումից հետո տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համատեղ լուսանկարահանման արարողությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում