Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
1 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲԸՏՄ-ից հայտնում են, որ ստուգման շրջանակներում իրականացված տեղանքի չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում կատարվել են շինության ապամոնտաժման և հարթեցման աշխատանքներ, որի հետևանքով
- 580 քմ մակերեսով հատուկ պահպանվող տարածք դեգրադացվել է,
- 33 քմ մակերեսով ջրային տարածքն աղտոտվել է։
Իրականացվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ, ըստ որի՝ հասցված վնասը կազմում է 946,404 ՀՀ դրամ։
Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։