Հայաստան

WWF-ը COP17-ից ակնկալում է կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ավելացում և կոնկրետ գործողություններ

7 րոպեի ընթերցում

WWF-ը COP17-ից ակնկալում է կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ավելացում և կոնկրետ գործողություններ

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) կոչ է անում COP17-ի շրջանակում ընդունել հստակ որոշումներ, որոնք թույլ կտան արագացնել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունները, ավելացնել ֆինանսավորումը և ապահովել երկրների ստանձնած պարտավորությունների կատարումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 19-ին COP17-ի շրջանակներում Երևանում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին նշեց Բնության համաշխարհային հիմնադրամի նախագահ Ադիլ Նաջամը՝ շեշտելով, որ կենսաբազմազանության կորստի դեմ պայքարի համար անհրաժեշտ են ոչ միայն նոր պարտավորություններ, այլև գործնական քայլեր, որոնք կապահովեն չափելի արդյունքներ։

Նրա խոսքով՝ WWF-ի հրապարակած «Կենդանի մոլորակ» (Living Planet Report) զեկույցը արձանագրում է ողնաշարավոր կենդանիների պոպուլյացիաների միջին ցուցանիշի 73 տոկոս անկում՝ 1970 թվականից ի վեր։

«Հիմա ժամանակը չէ միայն ինքներս մեզ հարցեր տալու կամ քննարկելու, թե ինչ պետք է անենք։ Հիմա գործելու ժամանակն է»,- ընդգծեց Նաջամը՝ նշելով, որ թեև կենսաբազմազանության կորուստը շարունակվում է, տարբեր երկրներում բնության պահպանության հաջողված օրինակները ցույց են տալիս, որ փոփոխությունը հնարավոր է։

Նրա խոսքով՝ վագրերի թվաքանակի վերականգնման, ծովային կրիաների պահպանության և այլ նախաձեռնությունների փորձը վկայում է, որ համապատասխան քաղաքական կամքի և հետևողական աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել դրական արդյունքների։

WWF International-ի բազմակողմ քաղաքականության ղեկավար Գվիդո Բրուքհովենի խոսքով՝ COP17-ի հաջողությունը պետք է գնահատվի նրանով, թե որքանով այն կփոխի կառավարությունների գործողությունները համաժողովից հետո։

Նա ընդգծեց երկու հիմնական խնդիր՝ ազգային կենսաբազմազանության պահպանության ծրագրերի և գլոբալ նպատակների միջև առկա հավակնությունների բացը, ինչպես նաև ազգային ծրագրերով նախատեսված միջոցառումների և դրանց իրական կատարման միջև տարբերությունը։

Բրուքհովենի խոսքով՝ անհրաժեշտ է արագացնել այն նպատակների իրականացումը, որոնց ուղղությամբ առաջընթացը բավարար չէ, իսկ կենսաբազմազանության հարցերը ներառել ոչ միայն բնապահպանական, այլև ֆինանսական, գյուղատնտեսական, ենթակառուցվածքների, առևտրի և զարգացման քաղաքականություններում։

Նա նաև կարևորեց պետական կառավարման տարբեր օղակների միջև համակարգման մեխանիզմների ստեղծումը՝ նշելով, որ բնապահպանության նախարարությունները միայնակ չեն կարող ապահովել կենսաբազմազանության պահպանության գլոբալ շրջանակի իրականացումը։

WWF-ի ներկայացրած առաջնահերթություններից է կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ավելացումը։ Բրուքհովենի խոսքով՝ COP17-ը պետք է հստակ ճանապարհային քարտեզ ներկայացնի՝ մինչև 2030 թվականը միջազգային ֆինանսավորումը տարեկան 30 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու նպատակին հասնելու համար։

Նա նաև ընդգծեց վնասակար սուբսիդիաների բարեփոխման անհրաժեշտությունը։ Կառավարությունները պետք է վերանայեն բնության համար վնասակար ֆինանսական խթանները և պետական ու մասնավոր ֆինանսական հոսքերը համապատասխանեցնեն կենսաբազմազանության պահպանության նպատակներին։

WWF-ի ներկայացուցիչ Վիշայ Չակրամի ներկայացմամբ՝ գյուղատնտեսության, ձկնորսության և անտառտնտեսության ոլորտներում գործող որոշ սուբսիդիաներ կարող են նպաստել կենսաբազմազանության կորստին։ Ուստի, անհրաժեշտ է միաժամանակ ավելացնել բնության պահպանության ֆինանսավորումը և վերաուղղորդել այն միջոցները, որոնք խրախուսում են էկոհամակարգերին վնասող գործունեությունը։

Ասուլիսի ընթացքում նշվեց նաև, որ կենսաբազմազանության պահպանության համար հատկացվող ֆինանսավորումը պետք է լինի հասանելի, կանխատեսելի և արդյունավետ։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրներին, բնիկ ժողովուրդներին, տեղական համայնքներին, կանանց և երիտասարդներին, որոնք անմիջական մասնակցություն ունեն բնության պահպանության աշխատանքներին։

WWF-ի ներկայացուցիչների համոզմամբ՝ ֆինանսավորման արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն հայտարարված գումարներով, այլև այն հանգամանքով, թե որքան միջոցներ են իրականում հասնում ծրագրերն իրականացնողներին և ինչ արդյունքներ են ապահովում տեղում։

WWF-ի ներկայացուցիչները կարևորեցին նաև բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների և երիտասարդների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում։

Ադիլ Նաջամի խոսքով՝ երիտասարդները ոչ միայն կենսաբազմազանության պահպանության շահառուներ են, այլև դրա իրականացման կարևոր մասնակիցներ։ Նա ընդգծեց, որ կառավարությունները, բիզնեսը և քաղաքացիական հասարակությունը պետք է լրջորեն վերաբերվեն երիտասարդների բարձրացրած հարցերին և ապահովեն նրանց մասնակցությունը որոշումների կայացմանը։

Նաջամի խոսքով՝ ստանձնած պարտավորությունների կատարումը պետք է ուղեկցվի ֆինանսավորման օգտագործման և իրականացված գործողությունների ազդեցության վերաբերյալ հստակ հաշվետվողականությամբ։

WWF-ի ներկայացուցիչները նաև ընդգծեցին, որ գլոբալ գնահատումը չպետք է սահմանափակվի կենսաբազմազանության պահպանության ոլորտում արձանագրված առաջընթացի գնահատմամբ։ Այն պետք է հիմք դառնա ազգային ռազմավարությունների, նպատակների և գործողությունների վերանայման համար։

Նրանց համոզմամբ՝ COP17-ի շրջանակում ընդունվող որոշումները պետք է սահմանեն առաջընթացի գնահատման հստակ մեխանիզմներ, խթանեն երկրների միջև փորձի փոխանակումը և օգնեն լրացնել գլոբալ նպատակների ու ազգային գործողությունների միջև առկա բացերը։

«Մենք ժամանակ ունենք, և լուծումներ նույնպես ունենք։ Այժմ մեզ անհրաժեշտ են համապատասխան որոշումներ, ինստիտուտներ, ռեսուրսներ, գործընկերություններ և իրավունքների պաշտպանության երաշխիքներ, որոնք թույլ կտան իրական փոփոխություններ կատարել տեղում»,- ամփոփեց Բրուքհովենը։

Սարգիս Ասատրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում