Կրթություն

Շիրակի մարզում շուրջ 700 ուսուցիչ ստանում է 200-ից 500 հազար դրամ աշխատավարձ

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում շուրջ 700 ուսուցիչ ստանում է 200-ից 500 հազար դրամ աշխատավարձ

Շիրակի մարզում այս պահին 200-ից 500 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 700 ուսուցիչ կա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Մարզպետի ներկայացմամբ՝ երկու մանկավարժ ստանում է 500 հազար դրամ աշխատավարձ, որոնցից մեկը Գյումրիից է, մյուսը՝ մարզի գյուղական համայնքներից մեկից։ 19 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի, 124-ը՝ 300 հազար դրամ և ավելի, իսկ 526 ուսուցիչների աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչներից յոթը Գյումրիից են, մյուսները՝ մարզի տարբեր համայնքներից։ Դավիթ Առուշանյանը նշեց, որ նշված աշխատավարձերը արդեն հարկված են։

«Շիրակի մարզում ունենք բարձր աշխատավարձ ստացող մանկավարժներ, և հուսանք՝ նրանց թիվը կավելանա»,– ընդգծեց մարզպետը։

Անդրադառնալով մարզում դպրոցների միավորման գործընթացին՝ Դավիթ Առուշանյանը նշեց, որ բոլոր ծրագրերը փուլ առ փուլ վերանայվում են՝ հաշվի առնելով համայնքների կարծիքը, հեռավորությունը և աշակերտների թիվը։

«Կար նախագիծ Հողմիկի դպրոցը Արեգնադեմի դպրոցին միավորելու վերաբերյալ, սակայն գյուղի բնակիչների օբյեկտիվ բողոքներից հետո և հաշվի առնելով երկու գյուղերի միջև հեռավորությունը՝ Կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարվեց։ Դպրոցը կմիանա ավելի մոտ գտնվող Ամասիայի դպրոցին՝ շահագործման հանձնելուց հետո»,– նշեց մարզպետը։

Նա հավելեց, որ խնդիր կա նաև Մուսայելյանի դպրոցի հետ կապված․ անձամբ այցելել է և գրավոր տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ներկայացնելով մարզպետարանի առաջարկները։

«Այս դպրոցների վերամիավորման մասին խոսելիս պետք է նշել, որ բոլոր գործընթացները մանրակրկիտ վերանայվում են։ Մինչ գործառույթը սկսելը հաշվի է առնվում ոչ միայն հեռավորությունը, այլ նաև աշակերտների թիվը։ Կրթությունը միայն լավ մանկավարժը չէ, այլ նաև լավ դպրոցական պայմանները»,– ընդգծեց նա։

Անդրադառնալով օրերս լրատվամիջոցներից մեկում հրապարակված՝ Գյումրու դպրոցներից մեկում ենթադրյալ դրամահավաքի վերաբերյալ տեղեկատվությանը՝ մարզպետը նշեց, որ դրանք պատվիրված հոդվածներ են։

«Կան մարդիկ, ովքեր փորձում են արատավորել ինձ և իմ գործընկերներին։ Ուզում եմ ասել, որ շատ չչարչարվեն, քանի որ Գյումրիում և Շիրակի մարզում բոլորս իրար ճանաչում ենք, և նման հոդվածներով մարդիկ արատավորում են իրենք իրենց։ Նման դեպքեր դեռ կլինեն, սակայն բնականաբար դրամահավաքը արգելված է և չի ընդունվում»,– եզրափակեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում