Շիրակի մարզի բուժհաստատությունները պատրաստ են առողջության համընդհանուր ապահովագրությանը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը բնականոն ընթացքի մեջ է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը, բուժհաստատությունները պատրաստ են առողջության համընդհանուր ապահովագրությանը։

Համակարգը գործնականում կիրառելու մանրամասներին տիրապետելու նպատակով բուժաշխատողները համապատասխան ուսուցում են անցնում՝ զուգահեռաբար իրականացնելով նաև բնակչության իրազեկում։

«Այսօր առողջապահության ողջ համակարգը ներգրավված է այդ գործընթացում։ Մեր առողջության առաջնային պահպանման օղակներն ամբողջությամբ տեղեկացված են ներդրված իրավական ակտերին, և համապատասխան ընթացակարգը շարունակվում է»,-նշեց Լեյլի Ասլանյանը՝ հավելելով, որ առաջին օրերին որոշ տեխնիկական խնդիրներ են արձանագրվել «Արմեդ» համակարգի հետ կապված, որոնց մասին արագ տեղեկացվել է ՀՀ առողջապահության նախարարությանը, և ծրագրային խնդիրները օպերատիվ կերպով լուծվել են։

Պատասխանատուն տեղեկացրեց նաև, որ համակարգում ընդգրկված բոլոր անձինք կարող են օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից այն բուժհաստատություններում, որոնք պայմանագիր ունեն կնքված Առողջապահության նախարարության հետ։ Ուղեգրումն իրականացվում է առողջության առաջնային պահպանման կենտրոնների կողմից։

Լեյլի Ասլանյանը վստահեցրեց, որ մտավախություն չկա, թե մարզային բուժհաստատությունները կարող են «զրկվել» հիվանդներից՝ մայրաքաղաքի հիվանդանոցների հաշվին։ «Նման մտավախություն չկա, քանի որ մարզային հիվանդանոցները հագեցված են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, առկա է գործիքային արդիականացում, և ունենք բարձր որակավորում ունեցող բուժաշխատողներ։ Ես կարծում եմ, որ մեր մարզային առողջապահական հաստատությունները լիովին պատրաստ են և կարող են ամբողջ ծավալով բժշկական ծառայություններ մատուցել այցելուներին»,-ընդգծեց նա։

Հայերեն