Տնտեսություն

Հայաստանը՝ հանքարդյունաբերական ներդրումների և համագործակցության հարթակ. հոկտեմբերի 16-17-ին կանցկացվի Mining Armenia Forum-ը

5 րոպեի ընթերցում

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ուղղություններից է, իսկ ոլորտի ապագան այսօր քննարկվում է ոչ միայն տնտեսական, այլև միջազգային ու աշխարհաքաղաքական հարթակներում։ Ի՞նչ է անհրաժեշտ նոր ներդրումներ ներգրավելու, ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և կայուն զարգացումն ապահովելու համար։

Այս հարցերի շուրջ հոկտեմբերի 16-ին և 17-ին կկայանա Mining Armenia Forum-ը։ Միջոցառումն արդեն երրորդ տարին է մեկ հարթակում համախմբում ոլորտի ներկայացուցիչներին, ներդրողներին, միջազգային գործընկերներին և պետական կառույցներին։

Ֆորումի ընդլայնվող շրջանակն ու միջազգային հետաքրքրությունը նոր փուլ են բերել նաև դրա կազմակերպմանը։ Եթե նախորդ տարիներին միջոցառումը կազմակերպվում էր Հայաստանի Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի ու նրա անդամների ուժերով, ապա այս տարի այդ աշխատանքների համար ստեղծվել է առանձին հիմնադրամ։ Այն գործընկեր կազմակերպությունների և պետական կառույցների հետ համագործակցությամբ զբաղվում է ոչ միայն ֆորումի կազմակերպմամբ, այլև դրա նախապատրաստական աշխատանքներով ամբողջ տարվա ընթացքում։

«Մեզ համար շատ կարևոր է, որ այս տարի ֆորումի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, և հույս ունենք, որ այդ միտումը կշարունակվի։ Մեծանում է միջազգային տարբեր գործընկերների հետաքրքրությունը՝ ընդ որում՝ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտի, այլև այլ ոլորտների բիզնեսների, գործընկերների, խորհրդատվական և կոնսալտինգային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից։ Նման խոշոր միջազգային ընկերությունները, ինչպիսիք են S&P Global-ը և Wood Mackenzie-ն, նույնպես մեծ հետաքրքրություն են ցուցաբերում։ Սա նշան է, որ ֆորումը հաջողվել է»,-նշեց «Հանքարդյունաբերական ֆորում» հիմնադրամի տնօրեն Աննա Սաղաբալյանը:

Ֆորումն աստիճանաբար ընդլայնում է իր աշխարհագրությունն ու մասնակիցների շրջանակը։ Կազմակերպիչների խոսքով՝ այս տարի հետաքրքրությունն աննախադեպ է. մասնակցության հայտերը գերազանցել են ֆիզիկական հնարավորությունները։

Այս տարի ֆորումին կմասնակցի ավելի քան 300 մարդ։ Միացել են նաև գործընկերներ ոչ հանքարդյունաբերության ոլորտից։ Կազմակերպիչների ներկայացմամբ՝ տարբեր երկրներից Հայաստան կժամանի ավելի քան 100 հյուր, իսկ 50-ից ավելի խոսնակ կներկայացնի միջազգային փորձն ու ոլորտի զարգացման հնարավորությունները։ Քննարկումների առանցքում կլինեն նաև ներդրումային միջավայրի բարելավումն ու պետության, բիզնեսի և գիտական համայնքի համագործակցությունը։

«Ե՛վ նախորդ տարի, և՛ դրանից մեկ տարի առաջ, և այս տարի կառավարությունը մեծ ներգրավվածություն է ունեցել ամենաբարձր մակարդակով։ Այս անգամ ակնկալում ենք, որ ֆորումին կմասնակցեն վարչապետը, փոխվարչապետը և մի քանի նախարար։ Այսինքն՝ պետությունը հասկանում է մեր ոլորտի կարևորությունը, և ֆորումի, ինչպես նաև աշխատանքային խմբերի շրջանակներում մենք շատ սերտ համագործակցում ենք»,-ասաց Հայաստանի Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը:

Ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ՝ ֆորումը հնարավորություն է ստեղծում մեկ հարթակում քննարկելու առկա խնդիրները, ձևավորելու ընդհանուր օրակարգ և գտնելու զարգացման գործնական լուծումներ։ Այս տարվա առաջնահերթություններից են ներդրումների ներգրավումը, երկրաբանական հետազոտությունների ոլորտում առկա բացերի լրացումը և միջազգային կայուն զարգացման չափանիշների կիրառումը։

«Քանի որ մեր ոլորտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա շատ մեծ է, մենք պետք է աշխատենք համաշխարհային լավագույն ստանդարտներին համապատասխան։ Կարևոր է, որ և՛ կառավարությունը, և՛ բնակչությունը վստահ լինեն, որ մեր ոլորտը, պետությանը զգալի օգուտ բերելով, միաժամանակ նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը»,-նշեց ասոցիացիայի նախագահը:

Երրորդ տարին անցկացվող Mining Armenia Forum-ը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի հանքարդյունաբերության կապերը միջազգային գործընկերների հետ և նպաստելու ոլորտի երկարաժամկետ զարգացմանը։ Հոկտեմբերի 16–17-ի քննարկումները ցույց կտան, թե ինչպես կարելի է միջազգային փորձը վերածել Հայաստանի համար նոր հնարավորությունների։

Կարդացեք հոդվածը` العربيةTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում