Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ Դատախազությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։00-ի սահմաններում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Վիրավորվել է Անի Ավետիսյանը։ Մուսաևը դիմել է փախուստի, ապա հայտնաբերվել գյուղի մեկ այլ հասցեում և ձերբակալվել։
Ավետիսյանը նախ բուժօգնություն է ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երևան։ Բուժօգնության են դիմել նաև նրա՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները․ ավագի մոտ արձանագրվել է աջ դաստակի կոտրվածք, իսկ կրտսերի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։
Հոկտեմբերի 2-ին Մուսաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նույն օրը դատարանի որոշմամբ նա կալանավորվել է երկու ամսով։