Ռուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքը
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մերժել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկած՝ 60-օրյա հրադադարի գաղափարը, որը թույլ կտար երկրում նախագահական ընտրություններ անցկացնել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեմայի վերաբերյալ խոսել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ժամանակավոր հրադադարի փոխարեն ցանկանում է երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր։
«Կրեմլում թե՛ նախագահ Պուտինը, թե՛ տարբեր մակարդակների պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ մենք հրադադար չենք ցանկանում։ Մենք ցանկանում ենք երկարաժամկետ խաղաղություն և պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ դրան հասնելու համար», - նշել է Պեսկովը։
Նախօրեին ABC հեռուստաալիքի «This Week» հաղորդմանն ասել է Զելենսկին ասել էր. «Խնդրում եմ՝ փոխանցեք Պուտինին․ մեզ երկու ամիս է պետք՝ 60 օր լիակատար հրադադար, և մենք ընտրություններ կկազմակերպենք»:
Թեմային հոկտեմբերի 12-ին անդրադարձել է նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով Զելենսկին արժանի չէ ռազմական գործողությունների դադարի:
«Չեմ կարծում, որ նա արժանի է դադարի։ Չեմ կարծում, որ մենք կրկին կհավատանք հավաստիացումներին ու խոստումներին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս մասին շատ հստակ է արտահայտվել։ Մենք շարունակում ենք հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ռուսաստանը երկար ժամանակ պնդում է, որ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի, և հայտարարում է, որ դրանց չանցկացման պատճառով Զելենսկին լեգիտիմ առաջնորդ չէ։
Ուկրաինայի օրենսդրությունն արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում։