Ձյան առատ տեղումները դրական ազդեցություն են ունենում Շիրակի մարզի գյուղատնտեսության վրա

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում արձանագրված ձյան առատ և ինտենսիվ տեղումները էականորեն նպաստում են գյուղատնտեսության բնականոն զարգացմանը։ Ձյան տեղումները ոչ միայն մասամբ մեղմում են ոռոգման ջրի պակասի խնդիրը, այլև ձյան հաստ շերտը, մասնավորապես մարզի հյուսիսային հատվածներում, կանխել է հնարավոր ցրտահարության դեպքերը։ Միաժամանակ, տեղումներն ու հողում կուտակված խոնավությունը բարենպաստ պայմաններ են ստեղծում գարնանացանի նախապատրաստման և արոտային հողատարածքների արդյունավետ օգտագործման համար։

Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի փոխանցմամբ՝ ձյան հաստ շերտը հանդիսանում է վնասատուների դեմ պայքարի բնական և արդյունավետ գործոն։

«Գետերի հոսքի շուրջ 30-40 տոկոսը ձևավորվում է ձնհալոցքներից, ինչի արդյունքում ձյան տեղումները առանձնահատուկ նշանակություն ունեն մարզի ջրամբարներում անհրաժեշտ ջրային պաշարների ձևավորման համար։ Կա ակնկալիք, որ գարնանային սեզոնին մարզի բոլոր ջրամբարներում կապահովվի բավարար ջուր՝ ոռոգման նպատակով։ Նախորդ տարիներին կլիմայական փոփոխությունների հետևանքով արձանագրվել են մկնանման կրծողների տարածման դեպքեր, ինչը պայմանավորված էր տեղումների սակավությամբ և բարձր ջերմաստիճաններով։ Ներկայիս պայմաններում ցածր ջերմաստիճանն ու ձյան հաստ շերտը նպաստում են վնասատուների տարածման կանխմանը»,-«Արմենպրես»-ին ասել է Ռոման Համայակյանը՝ հավելելով, որ թեև վերջին տարիներին ևս տեղումներ գրանցվել են, սակայն ընթացիկ ձմեռը բնութագրվում է աննախադեպ ցուցանիշներով։

Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ մարզում ոռոգման նպատակով ձյան կուտակման աշխատանքներ իրականացվում են բացառապես Կառնուտի ջրամբարում։ Մյուս ջրամբարների ջրային պաշարները համալրվում են ձնհալոցքներից և գետային հոսքերից առաջացած ջրերով։ Կառնուտի ջրամբարում ձյան կուտակման ընթացիկ սեզոնը համեմատաբար քիչ նպաստավոր է․ աշխատանքները նախատեսվում են մարտի առաջին տասնօրյակում, և մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը կապահովվի անհրաժեշտ ջրաքանակ։ Կառնուտի ջրամբարից սնվող տարածքներում վերջին երեք տարիների ընթացքում ոռոգման խնդիրներ չեն արձանագրվել։

«Գյուղատնտեսության կայուն զարգացման տեսանկյունից, ձյան տեղումներից բացի, էական նշանակություն ունի նաև անձրևը՝ բույսերի վեգետացիոն շրջանի ընթացքում։ Միևնույն ժամանակ, 2025 թվականի բերքի համար իրականացված ցանքսերի արդյունքներով արձանագրվել են բավական բարձր ցուցանիշներ․ նախորդ տարիների համեմատ բոլոր մշակաբույսերի գծով գրանցվել է միջին բերքատվության աճ, ինչպես նաև համախառն բերքի ավելացում»,-ավելացրել է Ռոման Համայակյանը։

Շիրակի մարզում այս տարի զգալիորեն ընդլայնվել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները նախորդ տարվա 11 հազար 100 հեկտարի դիմաց դրանք կազմել են 19 հազար 400 հեկտար, ինչը պայմանավորված է պետական աջակցության ծրագրերի իրականացմամբ։ 

Հայերեն