2 րոպեի ընթերցում
Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ ցուցարարները ներխուժել են Լոնդոնում Իրանի դեսպանատուն և պղծել Իսլամական Հանրապետության դրոշը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն Ալիռեզա Յուսեֆին դատապարտել է «բրիտանական ոստիկանության ակնհայտ ձախողումը» Լոնդոնում Իրանի դեսպանատան անվտանգությունն ապահովելու և օրենքը խախտողների դեմ միջոցներ ձեռնարկելու հարցում։
Դեսպանի հետ զրույցում նշվել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատասխանատու է երկրում Իրանի դեսպանատան, դիվանագետների, աշխատակիցների և դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը ապահովելու համար։
Յուսեֆին նաև իր դժգոհությունն է արտահայտել մի շարք խմբավորումների գործունեության դեմ, որոնք «լրատվամիջոցների քողի տակ տարածում են ստեր և խթանում են բռնություն և ահաբեկչություն իրանական ազգի դեմ»։
Յուսեֆին նաև ընդգծել է Լոնդոնի կողմից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ «ահաբեկչությունը խթանող և հովանավորող լրատվամիջոցների գործունեությունը դադարեցնելու համար»։
Հունվարի 11-ին Իրանում հակակառավարական ցույցերի մասնակիցներին աջակցություն հայտնող ցուցարարները ներխուժել էին Լոնդոնում Իրանի դեսպանատուն, շենքի վրայից հանել Իրանի դրոշը և ծածանել դրոշ, որն Իրանում գործածվում էր 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ։ Այնուհետև ցուցարարները դեսպանատան մոտից երթով շարժվել էին դեպի Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայր և ակցիան շարունակել այնտեղ։