Բելառուսը փակում է իր դեսպանությունը Ֆինլանդիայում
2 րոպեի ընթերցում

Բելառուսի կառավարությունը որոշել է փակել իր դեսպանությունը Ֆինլանդիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik Belarus-ը։
Փակումը նախատեսված է Նախարարների խորհրդի օգոստոսի 20-ի թիվ 424 որոշմամբ, որը պաշտոնապես հրապարակվել է օգոստոսի 21-ին Ազգային իրավական ինտերնետային հարթակում։
«Ֆինլանդիայի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանությունը փակվում է 2026 թ. սեպտեմբերի 1-ից», - նշվում է փաստաթղթում։
Նախարարների խորհուրդը նաև հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը միջոցներ ձեռնարկել դիվանագիտական ներկայացուցչությունը փակելու համար։
Ավելի վաղ դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակվել էր գործունեության ժամանակավոր դադարեցման մասին ծանուցում։
Դեսպանությունն առաջարկել է 2026 թ. օգոստոսից սկսած հյուպատոսական հարցերն ուղղել արտասահմանում գտնվող Բելառուսի այլ ներկայացուցչություններին, մասնավորապես՝ Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում գտնվող Բելառուսի գլխավոր հյուպատոսությանը կամ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գործող Բելառուսի դեսպանատանը։
Բելառուսի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ. փետրվարի 26-ին։ Բելառուսի դեսպանությունը Ֆինլանդիայում գործում էր 2011 թվականից։
Դեսպանության փակման պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։