Եվրոպա

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

2 րոպեի ընթերցում

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Պրոֆեսիոնալ գողերը 5 միլիոն եվրո արժողությամբ պրեմիում դասի 30 000 շիշ գինի են գողացել Իտալիայի Marchesi Antinori ընտանեկան գինեգործարանից, որի պատմությունը սկիզբ է առնում 1385 թվականից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times թերթը։

Նորագույն պատմության մեջ ալկոհոլային խմիչքի այդ խոշորագույն  կողոպուտներից մեկը կատարվել է Տոսկանայի  մարզում գտնվող պահեստից։

Ֆլորենցիայում տեղակայված ընկերության հաղորդագրության համաձայն՝ անցած հանգստյան օրերին Կորտոնա քաղաքում չարագործները պահեստ են ներխուժել հենց այն պահին, երբ գինեգործարանը, որի արտադրանքն արտահանվում է 170 երկիր, պատրաստվում էր ամենաթանկաժեք գինիների խոշոր խմբաքանակի առաքմանն արտասահմանյան հաճախորդներին։

Հոկտեմբերի 4-ի գիշերը դիմակավորված յոթ տղամարդ անջատել է ազդանշանային համակարգը և երկու մեծ բեռնատարով դուրս բերել հազարավոր արկղեր տոսկանական Tignanello, Solaia-ն և Guado al Tasso կարմիր գինիներ։ Գողացված շշերի մանրածախ գինը տատանվում է մեկ հատի համար 150-500 եվրոյի սահմաններում։

Կորուստը հայտնաբերել են միայն հոկտեմբերի 5-ի առավոտյան, երբ աշխատակիցները եկել են աշխատանքի և տեսել, որ գինին չկա։ Գինեգործարանն ունի կողոպուտի պահի ծավալուն տեսագրություններ, որոնք կատարվել են տեսահսկման խցիկներով։ Ոստիկանությունը հետաքննություն է կատարում, սակայն առայժմ  ձերբակալություններ չկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում