Եվրոպա

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

2 րոպեի ընթերցում

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

Բրիտանական ոստիկանությունը Լատվիայի երկու քաղաքացու է ձերբակալել Քեմբրիջշիրի կոմսությունում գտնվող Մոլսվորթի թագավորական ռազմաօդային ուժերի բազա անօրինականորեն ներթափանցելու կասկածանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը։

Այդ բազայում տեղակայված են ԱՄՆ զինված ուժերի հետախուզական կենտրոնը, որը պատասխանատու է Եվրոպայում և Աֆրիկայում իրականացվող գործողությունների համար, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ՆԱՏՕ-ի հետախուզության կենտրոնակայանը։

Պարբերականի տվյալներով՝ ռազմական ոստիկանության պարեկախումբը բազայի մոտ հայտնաբերել է լքված ավտոմեքենա, ապա ճեղք է նկատել բազայի ցանկապատի վրա։ Հոկտեմբերի 9-ի գիշերը բազայի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել են 36 և 32 տարեկան տղամարդիկ։ Լոնդոնի ոստիկանության տվյալներով՝ երկու ձերբակալվածները Լատվիայի քաղաքացիներ են, որոնք բնակվում են Մեծ Բրիտանիայում։

Ոստիկանությունից հաղորդել են, որ հայտնաբերված ավտոմեքենայի պատճառով լրացուցիչ ստուգումներ իրականացնելու համար դեպքի վայր են կանչվել սակրավորներ՝ նախքան ավտոմեքենան մանրամասն զննության տեղափոխելը։ Հետաքննությունն իրականացնում են ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները։

Ներկայում երկու տղամարդիկ շարունակում են մնալ կալանքի տակ։ Նրանց հարցաքննում են խուզարկուները։

«Ներկայիս միջադեպի հետաքննությունն ամենավաղ փուլում է։ Դրա կարևոր մասն է պարզել, թե ինչ հնարավոր դրդապատճառներով են այդ անձինք գտնվել օբյեկտում։ Սակայն պետք է ընդգծեմ, որ մենք դիտարկում ենք բոլոր վարկածները, իսկ քննչական գործողությունները շարունակվում են», - ասել է Հելեն Ֆլենագանը, որը ղեկավարում է Լոնդոնի ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում