ԵՊՀ-ի հետ 5 տարվա պայմանագիր ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը կբարձրանան 30 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի առանցքում եղել է 2024-2025 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։

«Քննարկումները ևս մեկ անգամ հաստատել են, որ համալսարանը գործում է հստակ ձևակերպված և հաստատված զարգացման ռազմավարության տրամաբանությամբ՝ անցնելով նախաձեռնություններից համակարգային և չափելի քաղաքականությունների իրականացման փուլ»,- գրել է Պապիկյանը։

Նիստի ընթացքում արձանագրվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, այդ թվում՝ միջազգայնացման ուղղությամբ առաջընթացը․ Ֆրանսիայի Լիլի համալսարանի հետ համագործակցությամբ տրվել է կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որը նոր որակ է հաղորդում ԵՊՀ կրթական առաջարկին։

Գիտական արդյունքների տեսանկյունից արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԵՊՀ աշխատակիցների հեղինակությամբ միջազգային գիտական շտեմարաններում հրապարակվել է 711 հոդված, ինչը վկայում է համալսարանի գիտական ներուժի և հետազոտական ակտիվության մասին։

Հաստատվել է նաև 2026 թվականի բյուջեն, որի շրջանակում նախատեսվում է շուրջ 30 տոկոս աշխատավարձի բարձրացում հինգ տարվա երկարաժամկետ պայմանագրեր ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի համար։

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը շարունակելու է աջակցել համալսարանի ռազմավարական զարգացմանն ուղղված որոշումներին՝ ապահովելով կայունություն, մրցունակություն և ժամանակակից պահանջներին համահունչ զարգացում։

Հայերեն Русский