4 րոպեի ընթերցում
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շարունակում է համայնքային այցելությունները մարզի բնակավայրեր։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից, մարզպետը եղել է Աշոցք համայնքի մի շարք բնակավայրերում՝ Ձորաշենում, Սարապատում, Կաքավասարում, Փոքր Սարիարում, Բաշգյուղում, Սալուտում։ «Համայնքներ կատարած այցելություններն ինքնանպատակ չեն, անմիջական շփումները պարտավորեցնող են, քանի որ հնարավորություն եմ ստանում անձամբ տեսնել առկա խնդիրներն ու տեղում քննարկել դրանց լուծման տարբերակները։ Կառավարությունը հետևողականորեն իրականացնում է ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն տեսանելի են մարզի համայնքներում, տարիներ շարունակ կուտակված խնդիրները մաս-մաս լուծում են ստանում, դրանք շարունակական են լինելու՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով»,-նշել է Շիրակի մարզպետը։
Համայնքային այցելությունը մեկնարկել է Ձորաշեն բնակավայրից։ Բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Մարզպետի հետ հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները բարձրաձայնել են բնակավայրում առկա խնդիրներն ու մտահոգությունները՝ կարևորելով գյուղամիջյան ճանապարհի բարեկարգման, տրանսպորտի աշխատանքի սպասարկման բարելավման, կաթի վերամշակման և մի շարք այլ հարցեր։
Դավիթ Առուշանյանի հաջորդ կանգառը եղել է Սարապատում, մարզպետն այստեղ ևս հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը։Դավիթ Առուշանյանը վստահեցրել է, որ այն բոլոր խնդիրները, որոնք հնարավոր է լուծել՝ քայլեր կձեռնարկվեն շուտ հանգուցալուծում ունենալու համար, իսկ այն հարցերը, որոնց լուծումը ժամանակ է պահանջում՝ հետևողական աշխատանք կտարվի։
Համայնքային այցելության շրջանակում մարզպետը եղել է Կաքավասար բնակավայրում, որտեղ գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Բնակիչերը զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ։ Այստեղ բնակիչները մարզպետի հետ զրույցի ընթացքում անդրադարձել են ճանապարհների բարեկարգմանը։
Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Փոքր Սարիար բնակավայրում։ Բնակիչները մարզպետից հետաքրքրվել են գյուղատնտեսական աջակցության ծրագրերով, զբաղվածության ապահովման խնդիրներով։ «Շատ կարևոր է, որ գյուղական համայնքներում մարդիկ ոչ միայն տեղեկացված լինեն պետական աջակցության ծրագրերի մասին, այլ նաև կարողանան օգտվել դրանցից։ Կառավարության ծրագրերը հնարավորություն են տալիս զարգացնել գյուղացիական տնտեսությունները, խթանել անասնապահությունն ու բուսաբուծությունը»,-նշել է Դավիթ Առուշանյանը։
Բաշգյուղում մտահոգությունների, հետաքրքրող ու լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերի մասին մարզպետի հետ խոսել են նաև բաշգյուղցիները։ Նրանք գոհունակությամբ փաստել են, որ Կառավարությունը նախատեսել է բնակավայրում խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ իրականացնել և հակակարկտային կայաններ ձեռքբերել՝ 45 մլն 207 հազար դրամի շրջանակում։
Վերջին հանդիպումը եղել է Սալուտում, որտեղ բնակիչների հետ մարզպետը խոսել է արդեն իրականացված ծրագրերից, առաջիկա անելիքներից։ Այստեղ համայնքային կենտրոն է նորոգվել և ձեռք են բերվել հակակարկտային կայաններ։
Մարզպետը վստահեցրել է, որ կարվի հնարավորը՝ գտնելու բարձրացված հարցերի լուծման տարբերակները։