Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարարն ու Eleveight AI-ի հիմնադիրը քննարկել են Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարն ու Eleveight AI-ի հիմնադիրը քննարկել են Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Eleveight AI ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Eleveight AI ընկերության բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Դավիթ Առաքելյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստանում արհեստական բանականության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ԱԲ տվյալների կենտրոնների ձևավորման հեռանկարները։

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթություններն արհեստական բանականության ուղղությամբ՝ ընդգծելով պետական քաղաքականության առանցքային ուղղությունները, մասնավորապես, սուվերեն հաշվարկային հզորությունների ձևավորումը, տեղական ԱԲ ենթակառուցվածքների զարգացումը և արտաքին տեխնոլոգիական կախվածության նվազեցումը։ Իր խոսքում նախարարը կարևորել է ԱԲ լուծումների կիրառումը պետական և մասնավոր հատվածներում՝ որպես թվային տնտեսության զարգացման խթան։

Արման Ալեքսանյանն իր հերթին կարևորել է Հայաստանում նոր սերնդի արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնի ստեղծման ռազմավարական նշանակությունը։ Նրա խոսքով` նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի կողմից տրամադրված նորագույն գրաֆիկական պրոցեսորների արտահանման արտոնագրի շնորհիվ, որն ինքնին նվաճում է ոչ միայն ընկերության, այլև Հայաստանի համար։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Eleveight AI-ի կողմից մշակվող AI-as-a-Service, GPU-as-a-Service և ամպային ծառայությունների զարգացման հնարավորություններին, մասնավորապես, վերականգնվող էներգիայի վրա հիմնված էներգաարդյունավետ ենթակառուցվածքների կիրառման մոտեցումներին:

Ամփոփելով հանդիպումը` երկուստեք կարևորել են շփումների շարունակականությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ և պատրաստակամություն հայտնել ընդլայնել քննարկումները՝ արհեստական բանականության ոլորտում համագործակցության կոնկրետ ձևաչափերի մշակման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում