Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը կարող է լավ սկիզբ լինել. կարատեի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Սուրեն Հարությունյան

6 րոպեի ընթերցում

Ավարտվող տարին նոր անուններ ավելացրեց հայկական մարզաշխարհում: Նրանցից մեկը կարատեի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սուրեն Հարությունյանն է, որը դարձել է անկախ Հայաստանի առաջին կարատեիստը, որը մեդալ է նվաճել մեծահասակների աշխարհի առաջնությունում։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հարությունյանը պատմել է, թե ինչպես է սկսել հետաքրքրվել կարատեով, այդ սպորտաձևում կայանալու ինչ ճանապարհ է անցել  ու ինչպիսի մրցակցության է հանդիպել աշխարհի առաջնությունում: 

-Սուրեն, նախ ընդունեք իմ շնորհավորանքներն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճելու առթիվ: Եկեք մեր զրույցը սկսենք ամենասկզբից. ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել կարատե մարզաձևով: 

-Շատ շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Փոքր տարիքում հետաքրքրվածությունը մարզաձևի նկատմամբ առաջացավ մարտաֆիլմեր դիտելու շնորհիվ: Հայրս էլ կարատեի սիրահար է: Ու ստացվեց այնպես, որ առաջին մարզաձևը, որին հաճախել եմ, եղել է կարատեն. այլ սպորտաձևերի մասին չեմ էլ մտածել: Կարատե մարզաձևով զբաղվում եմ 6 տարեկանից ու իմ որոշմամբ: Ծնողներս ինձ տվել են ընտրելու հնարավորությունը:  

-Ձեր խոսքում ասացիք, որ մարտաֆիլմերն են եղել սկզբնական «պատճառը» այս մարզաձևով զբաղվելու համար: Խոսքը Ջեկի Չանի ու այլոց մասին է, չէ՞: 

-Այո, Ջեկի Չանի, Ժան-Կլոդ Վան Դամի, Բրյուս Լիի:  

-Այս տարի Հայաստանն առաջին անգամ ընդունեց կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեցիք նաև Դուք: Ի՞նչ կարևորություն ուներ մեր երկրում նման մրցաշարի ընդունումն ու նման կարևոր մրցաշարի մաս լինելը սեփական հարկի տակ: 

-Եվրոպայի այս առաջնությունն իսկապես բարձր մակարդակի վրա էր կազմակերպված, ու սա ոչ միայն իմ, այլ  նաև մասնակից այլ մարզիկների կարծիքն է։ Բոլորին դուր էր եկել այն բարձր մակարդակը, որով անցկացրեցինք մրցաշարը, իսկ այդ բարձր մակարդակը նաև Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի ջանքերի շնորհիվ էր: Սակայն մարզական առումով մրցաշարն ինձ համար դրական չէր, քանի որ լավ նախապատրաստվել էի, սակայն անհաջողության մատնվեցի` երկրորդ մենամարտում զիջելով Ֆրանսիայի ներկայացուցչին: Այստեղ` մեր երկրում մրցաշարերին մասնակցությունն առավել պատասխանատվություն է պահանջում: Սպորտի օրենքն է, գիտեք, օրեր կլինեն կհաջողես, օրեր կլինեն` ոչ: Բայց կարևոր է, որ ճիշտ պահերի անես այն, ինչին ունակ ես: 

-Սուրեն, կարատեի աշխարհի առաջնությունում Ձեր նվաճած բրոնզե մեդալը պատմական նվաճում է, քանի որ սա անկախ Հայաստանի առաջին մեդալն է մեծահասակների մրցաշարերում: Ինչպիսի՞ն էր մրցաշարը Ձեր աչքերով:

-Գուցե, առավել լավ կլիներ, եթե դառնայի ոսկե մեդալակիր, սակայն ունենք այն, ինչ ունենք: Մարզիկի համար հեշտ մրցաշարեր չեն լինում, և աշխարհի առաջնությունն էլ բացառություն չէր: Ինձ համար դժվար ստացվեց աշխարհի չեմպիոնի դեմ մենամարտը, որտեղ զիջեցի հավասար պայքարում, և սրանք լոկ խոսքեր չեն. ովքեր նայել են մրցաշարը, կհասկանան, թե ինչի մասին է խոսքը: Կարծում եմ՝ նույնիսկ այն պարագայում, որ նա աշխարհի չեմպիոնն է, հնարավոր էր հաղթել նրան: Նա այդ մեդալով չի մտնում մրցահարթակ: Պարզապես պետք է հավատալ, որ կարող ես: 

-Ի՞նչ արժեք ունի Ձեզ համար այս մեդալը` հաշվի առնելով, որ արդեն իսկ մտել եք պատմության մեջ` գրելով Ձեր անունը՝ որպես առաջին մեդալակիր:  

-Իսկապես մեծ նշանակություն ունի այս բրոնզե մեդալը, քանի որ առաջին մեդալս է մեծահասակների մրցաշարերում: Աշխարհի առաջնությունից այս բրոնզե մեդալը կարող է լավ սկիզբ լինել այլ մեդալների համար: Այս մեդալն ինձ համար կարևոր արժեք ունի, քանի որ այն նվիրում եմ նաև մորաքրոջս` Քրիստինեին, ում ավելի վաղ խոստացել էի դառնալ մեդալակիր: 

-Ինչի մասին եք երազում, Սուրեն, քանի որ մարզիկների մեծագույն երազանքն Օլիմպիական խաղերն են:

-Ես էլ, այո, երազում եմ Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին, սակայն կարատեն Օլիմպիական խաղերում կլինի միայն 2032 թվականին: Բայց մինչ այդ կուզենայի, որ ինձ հաջողվեր աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեկ կամ երկու մեդալ էլ նվաճել:

-Անդրադառնալով Հայաստանի կարատեի հավաքականին` ինչպիսի՞ ներուժ ունեցող թիմ է մեր ընտրանին ըստ Ձեզ:

-Հայաստանի կարատեի հավաքականը երիտասարդ ու ուժեղ թիմ է, քանի որ բոլոր տղաները իրենց քաշային կարգերում մրցունակ են: Աշխարհի առաջնություններում կարող ենք ոտք գցել բոլորի հետ էլ, սակայն մյուսների համեմատ`մեծ փորձ չունենք:

-Սուրեն, փոխենք հարցերի ուղղվածությունը. որն է Ձեզ համար կարատեի գեղեցկությունը, որն անտեսանելի է կողքից նայողի համար:

-Առաջին հերթին` հարգանքը հակառակորդի հանդեպ: Կարատե մարզաձևում գեղեցիկ են ոտքի հարվածներն ու նաև շատ կարևոր է արագությունը, շուտ կողմնորոշվելը:

-Կա՞ մի մարզիկ, որի հետ կցանկանայիք մենամարտել: 

-Միշտ ցանկացել եմ մենամարտել այն նույն եգիպտացի մարզիկի հետ, որին պարտվեցի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում: Սակայն ես դեռ էլի առիթներ կունենամ նրա հետ մրցելու: 

- Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու հայոց պատմության որևէ կերպարի հետ, ո՞ վ կլիներ նա:

-Տիգրան Մեծը:

-Եվ ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն կարատեիստը: 

-Ֆրանսիացի Սթիվեն դա Կոստան:

- Ո՞րն է մեծագույն արժեքը, որ գնահատում եք դիմացինի մեջ:

-Նվիրվածությունը:

-Սուրեն, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:

 

Հայերեն

Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է ընդունելությունից հետո հյուրերի մոտ արձանագրված սննդային թունավորման ախտանշանների մասին

Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի

Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր