Podcast-Հարց բժշկին. Ուռուցքաբանական հիվանդությունների բուժման նոր և միջազգային չափանիշներ՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում
5 րոպեի ընթերցում

Հայաստանում և առհասարակ ամբողջ աշխարհում օնկոլոգիական հիվանդությունների աճի պայմաններում ժամանակակից և հասանելի բուժումը դառնում է կենսական նշանակություն։ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացված նոր ռադիոթերապիայի կենտրոնը Հայաստանում առաջին անգամ ապահովում է ճառագայթային բուժման ամբողջական գործիքակազմ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Էրեբունի» կենտրոնի ռադիոթերապիայի կենտրոնի ղեկավար Կոստան Ղալումյանի հետ զրուցել ենք կենտրոնի հնարավորությունների, պետական աջակցության մեխանիզմների, բուժառուների հետ աշխատանքի և մի շարք այլ կարևոր հարցերի մասին։

Հայաստանում տարիներ շարունակ ճառագայթային թերապիան ամբողջ ծավալով հասանելի չի եղել բնակչությանը։ Կոստան Ղալումյանի խոսքով՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ստեղծումը նպատակ ունի լրացնել այդ բացը՝ ապահովելով անընդհատ, անվտանգ և արդյունավետ բուժում։ Կենտրոնի գործունեության շուրջ մեկ տարվա ընթացքում գրանցվել են զգալի արդյունքներ․ ձևավորվել է բարձր պրոֆեսիոնալ թիմ, ապահովվել է անխափան աշխատանք, իսկ բուժառուների գոհունակությունը դարձել է աշխատանքի գլխավոր չափանիշը։
Կենտրոնը վերջերս ստացել է միջազգային JCI (Joint Commission International) սերտիֆիկացում, որը հաստատում է բուժման որակը և միջազգային ստանդարտների լիարժեք կիրառումը։ Ղալումյանի խոսքով՝ աշխարհում եզակի են այն ռադիոթերապիայի կենտրոնները, որոնք արժանանում են նման բարձր գնահատականի։
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը հագեցած է ճառագայթային բժշկության բոլոր անհրաժեշտ սարքավորումներով՝ երկու դիստանցիոն ռադիոթերապևտիկ սարքերով, ռադիովիրաբուժական համակարգով, բրախիթերապիայի սարքով և ժամանակակից ծրագրային ապահովմամբ։ Բոլոր սարքավորումներն ամերիկյան Varian ընկերության արտադրության են և վերջին սերնդի։ Կենտրոնում գործում է նաև Հայաստանի Հանրապետությունում եզակի նախաճառագայթային տոպոմետրիկ համակարգչային տոմոգրաֆիա, որը թույլ է տալիս բուժումը պլանավորել առավելագույն ճշգրտությամբ՝ նվազեցնելով հետճառագայթային բարդությունները։
Առանձնահատուկ դեր ունի Halcyon սարքը, որը ներկայում համարվում է ճառագայթային բժշկության ամենաարդիական սարքերից մեկը։ Այն կիրառվում է ճառագայթային բուժման կարիք ունեցող պացիենտների շուրջ 80 տոկոսի դեպքում և հնարավորություն է տալիս իրականացնել փուլային ճառագայթում՝ խնայելով առողջ հյուսվածքները և ապահովելով բուժման ամբողջական մոնիթորինգ։
«2024 թվականին Հայաստանում առաջին անգամ ներդրվել է նաև ռադիովիրաբուժությունը։ Մինչ այդ նման բուժման կարիք ունեցող պացիենտները ստիպված էին մեկնել արտերկիր։ Այս մեթոդը կիրառվում է հատկապես այն ուռուցքային օջախների դեպքում, որոնք վիրաբուժական ճանապարհով անհասանելի են՝ գլխուղեղի, ողնուղեղի, ոսկրային համակարգի որոշ ախտահարումների ժամանակ»,- ասաց մասնագետը:
Ղալումյանը նշեց՝ օնկոլոգիական հիվանդությունների բուժման բարձր արժեքը հաճախ դառնում է լուրջ խոչընդոտ, սակայն «Էրեբունի» կենտրոնում ծառայությունների զգալի մասը հասանելի է պետպատվերի շրջանակում։ Ուռուցքային հիվանդություն ունեցող պացիենտները կարող են օգտվել համավճարի սկզբունքից կամ ամբողջությամբ անվճար բուժում ստանալ՝ հաշմանդամության կարգ ունենալու դեպքում։ Միաժամանակ կենտրոնի գնային քաղաքականությունը, Ղալումյանի խոսքով, զգալիորեն մրցունակ է արտասահմանյան կլինիկաների համեմատ։
Կենտրոնում մեծ ուշադրություն է դարձվում նաև հոգեբանական աջակցությանը։ Ղալումյանի խոսքով՝ ճառագայթային թերապիան դատավճիռ չէ, այլ բուժման հերթական փուլ։ Բուժառուները մշտապես գտնվում են մասնագետների ուշադրության կենտրոնում՝ սկսած նախաճառագայթային պլանավորումից մինչև բուժման ավարտից հետո հսկողություն։
Կենտրոնի ղեկավարը հորդորեց չվախենալ ախտորոշումից, ժամանակին դիմել բժշկի, խուսափել ինքնաբուժումից և վստահել մասնագետներին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանում արդեն հնարավոր է ստանալ լիարժեք, ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան ուռուցքաբանական բուժում՝ առանց երկրի սահմաններից դուրս գալու։
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:
Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:
