Հայաստանը կարդիականացնի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և կհամապատասխանեցի միջազգային չափանիշներին
6 րոպեի ընթերցում

Երևանի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում դեկտեմբերի 3-9-ը ընկած ժամանակահատվածում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 1․1-3․1 անգամ։
Ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները այդ ժամանակահատվածում չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանը՝ ընդգծելով, որ hանրապետության տարածքում օդի աղտոտվածությունը դեկտեմբերի սկզբից գտնվում է թույլ արտահայտված ցածր ճնշման ազդեցության գոտում։ Այդ երևույթը հիմնականում պայմանավորված է այդ օրերին Արարատյան գոգավորությունում ձևավորված սառը օդի լճացմամբ։ Թեպետ մթնոլորտի վիճակը նոյեմբերի վերջի համեմատությամբ որոշակիորեն կայունացել է, խնդիրը ամբողջությամբ չի վերացել։ Փոշուց աղտոտվածության հիմնական պատճառը տեղումների բացակայությունն էր, ինչը հատկապես զգալի էր մայրաքաղաքում։

Օդի աղտոտվածության պատճառները կարող են լինել, ինչպես բնածին՝ երկրի ռելիեֆը, կլիմայական առանձնահատկությունները, այնպես էլ՝ մարդածին։
«Մթնոլորտային օդի պահպանության մասին նոր օրենքով արգելվում է կատարել մի շարք գործողություններ, այդ թվում՝ խոզանների և բուսական մնացորդների այրում, տերևաթափից առաջացած կամ այլ տեսակի թափոնների այրում բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ չնախատեսված վայրերում, անտառային գյուղատնտեսական հատուկ պահպանվող տարածքներում։ Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50 000դ.) երեքհարյուրապատիկի (300 000 դ.) չափով: Շուտով տեխնիկական զննության գործող կարգում կավելացվի նաև բենզինային ու գազաբալոնային շարժիչների արտանետումներում ազոտի օքսիդների պարունակության ստուգումը, իսկ դիզելային շարժիչների համար՝ խստացված չափորոշիչներ։ Շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում պարտադիր կդառնա փոշեճնշիչ սարքավորումների կիրառումը։ Պահանջը Երևանի համար ուժի մեջ է մտնում 2025թ․ դեկտեմբերին, իսկ մնացած բնակավայրերում՝ 2026թ․սեպտեմբերին։ Սա հնարավորություն կտա վերահսկել և նվազեցնել վնասակար նյութերի արտանետումները»,- ասաց մթնոլորտային վարչության պետ Արփինե Փանոյանը։

2025 թվականին պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել նաև մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի երկու նոր դիտակայաններ, որոնք ներկայում գտնվում են տեղադրման փուլում։ Դիտակայաններից մեկը տեղադրվելու է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչար 6/1 հասցեում, իսկ մյուսը Քանաքեռ-Զեյթունի Դավիթ Անհաղթի զբոսայգու հարակից տարածքում։ Դիտակայանների շահագործումը նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ, ինչը հնարավորություն կընձեռի ճշգրիտ չափել օդի հիմնական աղտոտիչները ներառյալ փոշու մասնիկները՝ PM2.5 և PM10, ազոտի և ծծմբի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը, գետնամերձ օզոնը և տեղեկատվություն ստանալ ժամանակին։
«Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում նաև 2025-2030 թվականների համար մշակել ենք միջոցառումների համալիր ծրագիր, որով նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Այս հինգ տարիների ընթացքում պիտի ունենանք 14 նոր անշարժ դիտակայան, և շարժական դիտակայաններ, որոնք ի տարբերություն ներկայիս իրավիճակի, երբ մենք օդի աղտոտվածության մասին տեղեկություն ենք ստանում մեկ կամ երկու օր հետո, տվյալ դիտակայանների առկայության դեպքում տվյալ պահին կարող ենք իմանալ օդի աղտոտվածության վիճակը և միանգամից կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել»,-տեղեկացրեց մասնագետը:

Ճապոնիայի կառավարության «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» դրամաշնորհային օգնության շրջանակներում Հայաստանում մթնոլորտային օդի որակի համակարգի արդիականացմանն ուղղված դրամաշնորհային պայմանագրի համաձայն՝ Ճապոնական կառավարության կողմից տրամադրվելու են նաև երեք դիտակայանի համար օդի աղտոտիչների՝ կախված մասնիկների (PM2.5 և PM10), ազոտի և ծծմբի երկօքսիդների, ածխածնի մոնօքսիդի և գետնամերձ օզոնի չափման սարքավորումներ։
Երևանում օդի աղտոտվածության գլխավոր աղբյուրը շարունակում է մնալ ավտոտրանսպորտը։ Շարժական աղբյուրների արտանետումները կազմում են մթնոլորտային աղտոտիչների զգալի մասը, իսկ անշարժ աղբյուրներից հիմնականում առանձնանում են բնակարաններում և ջերմաէլեկտրակայաններում գազի այրման հետևանքով առաջացող արտանետումները։ Նախատեսվում է ընդլայնել Երևան քաղաքի պուրակներն ու այգիները՝ հասցնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների նվազագույն նորմերին։ Նախաձեռնության նպատակն է ոչ միայն բարելավել բնակիչների կյանքի որակը,այլ նաև նվազեցնել օդի աղտոտվածության մակարդակը, որը շարունակում է մնալ Երևանի հիմնական բնապահպանական խնդիրներից մեկը։
«Վերջին տարիներին նկատվող ակտիվ շինարարությունը, հանքարդյունաբերության ընդլայնումը,ինչպես նաև աղբավայրերի բաց այրումները ևս մեծացնում են աղտոտվածության մակարդակը։Տեղումների բացակայության շրջանում առավել տեսանելի է դառնում փոշային աղտոտումը, հատկապես մայրաքաղաքում»,-եզրափակեց Արփինե Փանոյանը։
Լուսինե Ջալալյան