Հայաստան

Կառավարությունը COP17-ի կազմակերպման համար Շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացնի շուրջ 2.64 մլրդ դրամ

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը COP17-ի կազմակերպման համար Շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացնի շուրջ 2.64 մլրդ դրամ

Կառավարությունը հավանություն տվեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման և անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից Շրջակա միջավայրի նախարարությանը լրացուցիչ 2 մլրդ 640 մլն 797.5 հազար դրամ հատկացնելու նախագծին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հերթական նիստում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու և նախագահելու է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Նրա խոսքով՝ համաժողովին կմասնակցեն կոնվենցիայի անդամ 196 երկրների ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից։

«COP17-ը հյուրընկալելով և նախագահելով՝ մենք արդեն իսկ կդառնանք նաև գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը»,- ասաց Մաթևոսյանը։

Նախարարի խոսքով՝ միջոցառման անցկացման համար նախատեսված աշխատանքները շարունակվում են։ COP17-ին նախորդելու է առաջնորդների գագաթնաժողովը՝ պետությունների, կառավարությունների և միջազգային կառույցների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությամբ։

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է ընդունել «Երկրի վրա կյանքի պահպանման համար» խորագրով Երևանի հռչակագիրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  նման մասշտաբի միջոցառում Հայաստանում դեռ չի անցկացվել։

«Տուրիզմի շատ մեծ ներհոսք է լինելու, և սա լավ հնարավորություն է մեր մասնավոր հատվածի համար՝ նախ ծառայություններ մատուցելու, ապա նաև իրենց մատուցած ծառայությունները գովազդելու համար։ Մեկ անգամ Հայաստան եկած մարդիկ նորից վերադառնում են ու նաև ուրիշներին են խորհուրդ տալիս գալ Հայաստան»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ միջոցառման կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորվում են պետական բյուջեից, սակայն հիմնական ներդրումներն ուղղվել են մասնավոր հատվածին։ Նրա խոսքով՝ մեծ ներդրում է կատարվել նաև «Մերիդիան» կենտրոնում, ինչի արդյունքում կենտրոնի հետ 8 տարով կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր։

«Մենք երբեմն դժվարություն ենք ունենում միջոցառումներ կազմակերպելիս, և այդ ներդրմամբ մենք այդ հարցը լուծում ենք։ Սա շատ կարևոր է, որպեսզի ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան ենթակառուցվածք»,- հավելեց Փաշինյանը։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կանցկացվի Երևանում, 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում