Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմության ամենաբարձր կետում են. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմության ամենաբարձր կետում են. Փաշինյան

Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները գտնվում են դրանց պատմության ամենաբարձր կետում, իսկ ՀՀ կառավարությունն աշխատում է Հայաստանի ժողովրդի համար իրատեսական այլընտրանք ձևավորելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը վարչապետին հարցրել է՝ արդյոք նրա ղեկավարած կառավարությունն իրականում շարժվում է դեպի Եվրոպական միություն, թե փորձում է միայն նման տպավորություն ստեղծել։

Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ որոշումը չի կարող կայացվել միայն կառավարության, խորհրդարանի կամ խորհրդարանական մեծամասնության կողմից։

«Նման որոշումներ կայացվում են ժողովրդի կողմից և ժողովրդի մասնակցությամբ։ Մեր խնդիրն այս փուլում Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է։ Երբ այլընտրանքն իրատեսորեն ձևավորված կլինի, այսինքն՝ զարգացումները կգնան այդ ուղղությամբ, կգա նաև ժողովրդի՝ դիրքորոշում արտահայտելու ժամանակը։ Մենք սրա մասին բազմիցս խոսել ենք»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև արդեն իսկ տեղի են ունենում մի շարք գործընթացներ։

«Արդեն արձանագրված քաղաքական իրողություն է, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները գտնվում են հարաբերությունների պատմության ամենաբարձր կետում։ Արդեն իսկ տեղի են ունենում գործընթացներ, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացը։ Նաև երեկ Եվրոպական խորհրդարանն ընդունեց Հայաստանից ապրանքների ներկրման հետ կապված մաքսային արտոնյալ ռեժիմ հաստատելու մասին որոշումը»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է, որ կառավարությունն ընդունել է համապատասխան օրենք և շարունակում է առաջ տանել այլընտրանք ձևավորելու գործընթացը։

«Մենք ձևավորում ենք այլընտրանք։ Մենք ընդունել ենք օրենք և ձևավորում ենք այլընտրանք։ Մենք այդ գործընթացը տանում ենք առաջ՝ Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ստեղծելու նպատակով։ Մեր հիմնավորման հետ ինչ-որ մեկը կարող է համաձայն լինել, ինչ-որ մեկը՝ համաձայն չլինել։ Մենք չենք վիճարկում որևէ մեկի՝ համաձայն չլինելու իրավունքը։ Դա մեր քաղաքական դիրքորոշումն է, և քանի դեռ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն այդ մանդատը տվել է, մենք այդ գործընթացը տանելու ենք առաջ»,- ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ կառավարության քայլերի արագության վերաբերյալ կարող են տարբեր գնահատականներ լինել։

«Ինչ-որ մեկը կարող է համարել, որ դա նորմալ տեմպ է, և նորմալ քայլեր են, ինչ-որ մեկը կարող է դրա հետ չհամաձայնել։ Դա էլ է նորմալ։ Սա մեր պատկերացումն է, սա մեր տեմպն ու արագությունն է և ճիշտ արագության մասին մեր պատկերացումը»,- նշել է վարչապետը։

Արձագանքելով հարցին՝ արդյոք եվրաինտեգրման և ԵՄ-ին անդամակցության գործընթացից նահանջ չի լինելու՝ Փաշինյանը կրկնել է, որ կառավարությունը ձևավորում է այլընտրանք։ Նրա խոսքով՝ այս պահին հանրաքվե անցկացնելու համար դեռ չկա ձևավորված առարկա։

«Ինչո՞ւ այսօր հանրաքվե չենք անում։ Որովհետև հանրաքվեի առարկան այս պահին չկա։ Մենք պետք է այլընտրանքը ձևավորենք և հարցը պատվիրակենք ժողովրդի որոշմանը։ Երբ այդ կետը գա, նրանք, ովքեր այդ տարբերակի կողմնակիցն են, ժողովրդին կոչ կանեն այդ տարբերակով քվեարկել, իսկ նրանք, ովքեր կողմնակից չեն, հակառակ կոչը կանեն։ Քվեարկության արդյունքներով էլ հարցը կորոշվի։ Հարցը պետք է լինի և հասունանա։ Մեր խնդիրը այդ հարցը հասունացնելն է»,- եզրափակել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` فارسیქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում