Շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները
3 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել են պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ աշխատանքային հանդիպումները մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ հաշվի առնելով, որ վերջիններս պատասխանատու են վերահսկողության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շրջակա միջավայրի նախարարությունից, սեպտեմբերի 20-ին և 21-ին աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Արմավիրի և Արագածոտնի մարզպետարաններում, որոնց ընթացքում ներկայացվել են առևտրի օբյեկտներում պոլիէթիլենային տոպրակների և պարկերի, ինչպես նաև արգելվող պլաստիկ արտադրանքի օտարումը սահմանափակող օրենսդրական կարգավորումները։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերին և առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին՝ օրենքի պահանջների պատշաճ իրազեկման և կիրարկման գործընթացում։

Քննարկումների ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից առավել անվտանգ այլընտրանքային ապրանքների կիրառման հնարավորությունները և պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին։
Հանդիպումների շրջանակում համայնքների ներկայացուցիչներին տրամադրվել են նաև բազմակի օգտագործման էկոպայուսակներ։ Նախաձեռնության նպատակն է խրախուսել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների փոխարեն բազմակի օգտագործման այլընտրանքների կիրառումը և նոր, առավել պատասխանատու սպառողական վարքագծի ձևավորումը։

Հանդիպումների նպատակն է ապահովել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ կողմերի պատշաճ տեղեկացվածությունը, աջակցել դրանց սահուն կիրարկմանը և ձևավորել համագործակցված աշխատանք պետական, տեղական ինքնակառավարման և մասնավոր հատվածների միջև։
Նշենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքով սահմանված արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 1-ին անգամ նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում՝ կնշանակվի 100.000-150.000 դրամ տուգանք։
Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է Շուկայի վերահսկողության տեսչական և Տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ։