3 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հակոբ Արշակյանը 2026-ի խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արշակյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Չեմ առաջադրվել: Ես չեմ ընդգրկվել այս ցուցակում՝ տեսադաշտում ունենալով այն, որ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի զարգացման, տեխնոլոգիաների զարգացման, ռազմարդյունաբերության զարգացման, ինչպես նաև մրցակցային առումով Հայաստանի բարձրացման տեսանկյունից»,-ասաց Արշակյանը:
Արշակյանը հիշեցրեց՝ մասնագիտությամբ ճարտարագետ է, աշխատել է Հայաստանում տնտեսական զարգացման ուղղություններով, տարբեր երկրների հետ միջազգային մեծ նախագծեր է բերել Հայաստան:
«Իհարկե, իմ կենսագրության ընթացքում զբաղվել եմ նաև քաղաքական գործունեությամբ: Դրա հիմնական մղող ուժն այն է եղել, որ Հայաստանում պարբերաբար ընտրություններ են կեղծվել, և ՀՀ ժողովրդի կամքը չի արտահայտվել: Եվ Հայաստանում տեղի է ունեցել 2018-ի հեղափոխությունը, որից հետո, ունենալով նաև քաղաքական առումով պատասխանատվություն, ինձ առաջարկվել է զբաղեցնել այն ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը»,-ասաց Արշակյանը՝ ներկայացնելով իր անցած քաղաքական ճանապարհը:
2021-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Արշակյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր, այնուհետև փոխնախագահ:
«Ես տեսել եմ, որ Հայաստանում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում: Եվ ինքս նորից ներգրավվել եմ քաղաքական պրոցեսների մեջ: Այս պահին ես տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատված է, և մեր ժողովուրդն իր որոշումներով ու քվեարկություններով տեր է կանգնում դրան: Ես տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմն ամբողջական ու լուրջ կազմով ներկայացված է ցուցակում: Եվ տեսնում եմ, որ ես առավելագույնս արդյունավետ եմ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմաարդյունաբերական ոլորտի կայացման ու զարգացման գործում: Եվ ես տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ՝ իր կուտակած փորձով, գիտելիքներով: Կարող եմ այդտեղ իմ պետությանն ու ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահը կասկած չունի, որ ապաշրջափակում է տեղի ունենալու, Հայաստանի շուրջ բոլոր ճանապարհներն ապաշրջափակվելու են: Եվ այս առումով Հայաստանում տնտեսությունը կարիք ունի մրցակցային լինելու:
Արշակյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել, կարծում է, որ կուսակցությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններում տանելու է ջախջախիչ հաղթանակ: