Տնտեսություն

ՀՀ ՊԵԿ նախագահը Հնդկաստանում մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ նախագահը Հնդկաստանում մասնակցում  է  ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը դեկտեմբերի 1-5-ը Հնդկաստանի Հանրապետության մայրաքաղաք Դելիում մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպա­տակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի 18-րդ տա­րե­կան համաժողովի շրջանակում անցկացվող Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հան­դի­պմանը։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊԵԿ–ից հայտնում են, որ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկրի ներկայացուցիչ, Մալդիվների հարկային մարմնի ղեկավար Հասան Զարիրի հետ վարել է համաժողովը։ Հատկանշական է, որ այս տարի ավարտվում է Հայաստանի՝ Ասիայի նախաձեռնության համանախագահ հանդիսանալու ժամանակաշրջանը և Հայաստանի փոխարեն համանախագահ կդառնա Ճապոնիան։ 

Հանդիպմանը ՀՀ ՊԵԿ նախագահը մեկ անգամ ևս շեշտադրել է Ասիայի նախաձեռնության կողմից որդեգրված սկզբունքների կարևորությունը տարածաշրջանի երկների համար՝ հատկապես դրանց նշանակությունը հարկային եկամուտների հավաքագրման, հարկային կարգապահության բարձրացման և ապօրինի հարկային հոսքերի դեմ պայքարի տեսանկյունից։ 

Էդուարդ Հակոբյանն ընդգծել է նաև, որ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման ստանդարտների ներդրումն այլընտրանք չունեն և Հայաստանը եղել և շարունակելու է մնալու առաջամարտիկ այս ստանդարտների ներդրման և շարունակական լավարկման հարցում։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին՝ Ասիայի նախաձեռնության համանախագահության ընթացքում ցուցաբերած աջակցության և համատեղ ջանքերի համար՝ նշելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր իրականացնել Ասիայի նախաձեռնության անդամ երկրների կողմից սահմանված հավակնոտ ծրագրերը և ռեֆորմները։ 

Ասիական նախաձեռնությունը, որին անդամակցում է 18 երկիր, ստեղծվել է 2022 թվականին՝ ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փո­խա­նակ­ման Գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տարածաշրջանում թափանցիկության և տեղե­կութ­յուն­ների փոխանակման միջազգային ստանդարտների կիրառումն ավելի նպատակային և հաս­ցե­ական դարձնելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում