Իսրայելը նոր պաշտպանական տեխնոլոգիաներ է զարգացնում Իրանի հետ հնարավոր պատերազմի համար
2 րոպեի ընթերցում

Իսրայելը նոր ռազմական տեխնոլոգիաներ է զարգացնում Իրանի հետ հնարավոր հաջորդ պատերազմի համար, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ամիր Բարամը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։
«Իրանի կողմից հակաօդային պաշտպանության և բալիստիկ հրթիռների կարողությունների արագ ամրապնդումը, որը պայմանավորված է նրա ծայրահեղական գաղափարախոսությամբ, նշանակում է, որ բոլոր ճակատներն առաջվա պես բաց են», - ասել է Բարամը՝ հավելելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պատրաստ լինի մարտական գործողությունների նոր փուլերի։
Բարամի խոսքով՝ «տարիներ շարունակ Իսրայելն ամբողջ աշխարհում հայտնի էր որպես «կիբեր-ազգ», բայց այսօր այն դարձել է իսկական «պաշտպանական տեխնոլոգիաների ազգ»։
«Մեր նորարարությունների պորտֆելն այժմ ներառում է առաջադեմ հնարավորությունների ամբողջ հատվածը՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքար, քվանտակայուն կապի համակարգեր, հետախուզության և հսկողության համակարգեր, կիբերպաշտպանություն և տիեզերական տեխնոլոգիաներ», - նշել է նա։
Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ, որի հայտարարված նպատակն էր ոչնչացնել Թեհրանի միջուկային ծրագիրը։ Իրանն ի պատասխան սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին։
Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի երեք միջուկային օբյեկտներին Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց հրադադար, որին Իրանն ու Իսրայելը համաձայնեցին։