Սոցիալական հարցեր

Հայաստանում ապաստան հայցողների թիվն ավելացել է. այլ երկրներում ապաստան փնտրելու պատճառները

11 րոպեի ընթերցում

Հայաստանում ապաստան հայցողների թիվն ավելացել է. այլ երկրներում ապաստան փնտրելու պատճառները

Պատերազմը, կյանքի սոցիալական վատ պայմանները, կրոնական հետապնդումները և շատ այլ գործոնները հաճախ շատերի համար դառնում են իրենց երկրները, տունը լքելու և այլ պետությունում ապաստան փնտրելու պատճառ։ Չդադարող պատերազմը, ռմբակոծությունները, անընդհատ ուղեկցող վախերը մեր 65-ամյա հերոսուհուն (ելնելով քաղաքացու անվտանգությունից՝ չի նշվում նրա անունը, ազգանունը և երկիրը, որտեղից նա ժամանել է) բերել են Հայաստան: Նա շատ արագ որոշում է կայացրել և իր 17-ամյա թոռան հետ տեղափոխվել է՝ խնդրելով ապաստան։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում 65-ամյա կինը պատմեց, որ արդեն մոտ հինգ ամիս է ապրում է Երևանում և ունի փախստականի կարգավիճակ:

«Հայաստան ենք տեղափոխվել ստիպված։ Գիտեք, չդադարող պատերազմի մեջ ապրելը սարսափելի է։ Շատ արագ որոշում կայացրինք և առանց որևէ բան մեզ հետ վերցնելու եկանք Երևան։ Չեմ կարող չնշել՝ ինձ այստեղ շատ են օգնել. միգրացիայի համապատասխան բաժնի աշխատակիցները, իմ մենեջերը մեծ աջակցություն են տրամադրել մեզ։ Մենք եկել ենք ամռանը՝ առանց իրերի, բայց մեզ այստեղ տրամադրել են անհրաժեշտ իրերը, ձմեռային հագուստ և աջակցել են տարբեր հարցերով։ Թոռնիկս նույնպես արդեն հարմարվել է․ հաճախում է դպրոց և ֆուտբոլի՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբում»,-պատմեց նա։

Փախստականի կարգավիճակ ստացած կինն ընդգծեց՝ անչափ տպավորված ու զգացված է Հայաստանում հասարակության վերաբերմունքից․ յուրաքանչյուրը պատրաստ է ցանկացած հարցում օգնելու և աջակցելու։ «Ես ունեմ շաքարային դիաբետ և հիշողության հետ կապված որոշ խնդիրներ, երբեմն հասցեներն ու վայրերը մոռանում եմ։ Մի անգամ փողոցում խնդրեցի անցորդին օգնել կողմնորոշվել։ Նա, կիսատ թողնելով իր ճանապարհը, ուղեկցեց ինձ անհրաժեշտ վայրը, որը բավական հեռու էր։ Նման պատմությունները շատ են»,-ասաց նա։

Փախստական կինը պատմեց, որ Հայաստանն իրեն տպավորել է նաև իր քաղցրահամ մրգերով ու բանջարեղենով։ «Այստեղ ամեն ինչ շատ համեղ է, ձեր խաղողն ու մեղրը պարզապես անմահական համ ունեն»,-նշեց նա։

65-ամյա կինն ասաց, որ մեծ ցանկություն ունի մշտապես Հայաստանում մնալու, եթե դա հնարավոր լինի։ Չնայած նրան, որ հայերեն սովորելը շատ բարդ է, նա փորձում է նաև այդ խոչընդոտը հաղթահարել։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ապաստանի տրամադրման վարչության պետ Ռուզաննա Պետրոսյանի խոսքով՝ վարչությունը զբաղվում է բացառապես ապաստան հայցողների ընդունմամբ և նրանց կարգավիճակի որոշմամբ։

«Մեր վարչությունը որոշում է՝ կլինի՞ փախստականի կարգավիճակ, թե՞ պարզապես ապաստանի տրամադրում։ Լինում են դեպքեր, երբ անձն արդեն փախստականի կարգավիճակ ունի այլ երկրում և գալիս է Հայաստան՝ միայն այստեղ ապաստան ստանալու նպատակով»,- նշեց  Պետրոսյանը։

Կտրուկ աճ՝ կալանավայրերից և սահմանակետերից դիմումների մասով

Ռուզաննա Պետրոսյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ ընդգծելով, որ 2025 թվականին նկատվում է էական աճ թե՛ կալանավայրերից, թե՛ սահմանակետերից ներկայացվող դիմումների մասով։ Կալանավայրերում հայտնվում են այն օտարերկրացիները, որոնք առանց փաստաթղթի մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև այն անձինք, որոնք գտնվում են հետախուզման մեջ, ենթական են հանձման իրենց կամ որևէ երրորդ երկիր: «Եթե 2024 թվականի 9 ամիսներին կալանավայրերից ապաստանի համար դիմել էր 37 անձ, ապա 2025 թվականի նույն ժամանակահատվածում թիվը հասել է 74-ի։ Իսկ վերջնական 2024 թվականի ցուցանիշը կազմել էր 85 դիմում։ Սահմանակետերից դիմումների մասով ևս աճ է արձանագրվել․ 2024 թվականի 9 ամիսներին դիմել էր 13 անձ, իսկ 2025 թվականի 9 ամիսներին՝ արդեն 46 անձ»,-նշեց նա:

Պետրոսյանի խոսքով՝ սահմանակետերում դիմողների հիմնական մասը Կուբայի քաղաքացիներ են, որոնք գալիս են Ռուսաստանի Դաշնությունից։ «Նրանք կարող են Հայաստան մուտք գործել միայն այն դեպքում, եթե ունեն Ռուսաստանի կացության կարգավիճակ, սակայն շատ դեպքերում այդ ժամկետը լրացած է լինում։ Այդ դեպքում մուտքը թույլատրվում է միայն ապաստան հայցելու հիմքով»,-ասաց նա։

Ներկայացնելով ապաստան հայցողների ընդհանուր վիճակագրությունը, մասնագետը նշեց՝ 2020 թվականին ունեցել են  220 դիմում, 2022-ին՝ 989, (Ուկրաինայի պատերազմի սկզբից հետո), 2023 թվականին  ունեցել են 817 դիմում, 2024 թվականին թիվը կազմել է 660, իսկ 2025 թվականի այս պահի դրությամբ կա  514 դիմում:

Ամենաշատ դիմումները՝ Իրանից

Պետրոսյանը տեղեկացնում է, որ 2025 թվականին Իրանի քաղաքացիների դիմումների թիվը կտրուկ աճել է Իրան-Իսրայել լարվածության պատճառով։

«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա 2024 թվականի  9 ամիսների ընթացքում եղել է  51 իրանցի դիմորդ, իսկ 2025-ին՝ 159 դիմորդ: Հունիս–հուլիս ամիսներին գրեթե զանգվածային ներհոսք էր նկատվում, սակայն իրավիճակի կայունացումից հետո նրանց մեծ մասը վերադարձավ»,-ասաց նա։

Ռուսաստան, Ուկրաինա և պատերազմից փախչողներ

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից եկող դիմումները ևս զգալիորեն աճել են պատերազմի պատճառով։ Դիմում ներկայացնողները հիմնականում զորակոչից և պատերազմից խուսափող քաղաքացիներ են։ «Այս գործերը չափազանց բարդ են, որովհետև մի կողմից կա պատերազմից խուսափելու մարդասիրական հիմնավորումը, մյուս կողմից՝ Ռուսաստանի  կողմից ներկայացվում են հանձնման միջնորդություններ։ Մենք համագործակցում ենք գլխավոր դատախազության հետ՝ հնարավորինս արդար և հավասարակշռված որոշումներ կայացնելու համար»,-նշեց Պետրոսյանը։

Հանրային պաշտպանի գրասենյակի ապաստանի հարցերով խորհրդատու-փորձագետ, փաստաբան Լևոն Վարդապետյանի խոսքով՝  ապաստան հայցողների և փախստականների կարգավիճակը Հայաստանում կարգավորվում է ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական նորմերով։

Նա հիշեցնում է, որ հիմնական միջազգային փաստաթուղթը 1951 թվականի ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիան է, որին Հայաստանը միացել է 1993 թվականին։ Դրանից հետո ընդունվել է նաև ներպետական օրենսդրությունը՝ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը։

«Օրենքով սահմանված է, որ ապաստան կարող են ստանալ այն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք իրենց երկրում հետապնդվում են հինգ հիմքերից որևէ մեկով՝ ռասայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների պատճառով։ Եթե կա այդ հիմքերից թեկուզ մեկը և կա հիմնավոր երկյուղ հետապնդման նկատմամբ, անձը նախ ստանում է ապաստան հայցողի կարգավիճակ, իսկ հետագայում կարող է ճանաչվել փախստական»,- պարզաբանեց Վարդապետյանը։

Սահմանահատում, ձերբակալություններ և քրեական գործեր

Փաստաբանի խոսքով՝ ապաստան հայցողները հաճախ դեռ մուտքի փուլում լուրջ խնդիրների են բախվում։ «Շատերը չեն հասցնում վիզա ձեռք բերել կամ լքում են իրենց երկիրը շտապ պայմաններում, ինչի պատճառով սահմանը հատում են ապօրինի կամ օգտվում են կեղծ փաստաթղթերից։ Այդ դեպքում նրանց նկատմամբ հարուցվում է քրեական գործ, նրանք ձերբակալվում և կալանավորվում են»,-նշեց  նա։

Սակայն եթե հետագայում պարզվում է, որ անձը իսկապես փախել է հետապնդման պատճառով և ճանաչվում է փախստական, ապա այդ հոդվածներով նա ենթակա է արդարացման, քանի որ այդ գործողությունները տվյալ դեպքում քրեական պատասխանատվություն չեն ենթադրում։

Օրենսդրության բացերը

Լևոն Վարդապետյանի գնահատմամբ՝ Հայաստանի օրենսդրությունը դեռևս ամբողջությամբ չի համապատասխանում միջազգային ստանդարտներին։ Նա օրինակ է բերում չվերադարձելիության սկզբունքը․ «Լինում են դեպքեր, երբ անձը չի համապատասխանում կոնվենցիայի հինգ հիմքերին, բայց նրա վերադարձը կարող է վտանգավոր լինել՝ խոշտանգումների կամ մահապատժի սպառնալիքի պատճառով։ Այդ դեպքում նա չի ճանաչվում փախստական, բայց նաև չի կարող վերադարձվել իր երկիր։ Արդյունքում նա մնում է Հայաստանում՝ առանց որևէ կարգավիճակի, ինչը ներկայիս օրենսդրությամբ լիարժեք չի կարգավորվում»։

Փաստաբանի ներգրավվածությունը՝ բոլոր փուլերում

Փաստաբանը նշում է, որ իրենք ներգրավվում են ամբողջ գործընթացի ընթացքում՝ սկսած դիմումի լրացման փուլից. «Օգնում ենք դիմումի կազմման հարցում, ուղեկցում ենք միգրացիոն ծառայությունում, մասնակցում ենք հարցազրույցներին, իսկ մերժման դեպքում ներկայացնում ենք բողոքարկումներ դատարաններում։ Փախստական ճանաչվելու դեպքում աջակցում ենք նաև փաստաթղթերի ձեռքբերման փուլում»:

Կացարանների խնդիրն ու պահման պայմանները

Վարդապետյանի խոսքով՝ ապաստան հայցողների ժամանակավոր կացարանի կարողությունները սահմանափակ են՝ նախատեսված շուրջ 50 հոգու համար։ «Այժմ Աբովյանում նոր կենտրոն է կառուցվում, ինչը որոշ չափով կթեթևացնի խնդիրը»,-ասաց նա։

Միաժամանակ նա ընդգծում է, որ Հայաստանում չկան առանձին պահման վայրեր ազատությունից զրկված ապաստան հայցողների համար։ «Նրանք պահվում են քրեակատարողական հիմնարկներում, մինչդեռ միջազգային չափանիշներով պետք է ունենան առանձին պայմաններ»,-նշեց փաստաբանը։

Փաստաբանը որպես համակարգային ամենալուրջ խնդիրներից մեկը նշում է թարգմանության բացակայությունը։ «Օրենքով ամրագրված է, որ ապաստան հայցողը պետք է ստանա անվճար իրավաբանական օգնություն, բայց չի ամրագրված, թե ինչպես պետք է ապահովվի թարգմանությունը։ Ներկայում դա իրականացվում է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրի միջոցներով՝ վերջինիս գործընկեր «Հայկական Կարմիր խաչի» թարգմանիչների աջակցությամբ, բայց դա ոչ կայուն լուծում է»,-ասաց Լևոն Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ նույն անձի գործով տարբեր փուլերում տարբեր թարգմանիչների ներգրավումը խախտում է վստահության մթնոլորտը և կարող է ազդել գործի որակի վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում