Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին
9 րոպեի ընթերցում

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարում հայկական ձեռագրերի վերաբերյալ արած հայտարարություններին՝ ընդգծելով, որ ցուցադրված մատյանները բնօրինակներ չեն եղել, այլ հատուկ ցուցադրության համար պատրաստված բարձրակարգ կրկնօրինակներ։
«Մենք մեր ձեռագրերում, մեր պատմության մեջ դատարկ էջեր չունենք՝ ի տարբերություն շատ-շատերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հետ զրույցում ասել է Խզմալյանը։
Հիքմեթ Հաջիևը Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Գանձասարի Մատենադարանում ցուցադրել էր հայկական գրքերի դատարկ էջերը՝ դրանք ներկայացնելով Հայաստանի պատմության համատեքստում։
Մատենադարանում պարզաբանում են, որ Գանձասարում ցուցադրված մատյանները երբեք բնօրինակներ չեն եղել։ Դրանք տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված ձեռագրերի բարձրակարգ կրկնօրինակներ են, որոնցից ցուցադրության համար ընտրվել են առավել կարևոր և շքեղ էջերը։
«Քիչ թե շատ թանգարանային գործին ծանոթ մեկը կհասկանա, որ եթե ձեռագիրը պետք է ցուցադրվի որևէ միջավայրում, որտեղ չկան անվտանգության պատշաճ պայմաններ, պրոֆեսիոնալ խնամքի պայմաններ, ջերմախոնավային հատուկ պայմանակարգ, այդ նպատակով պատրաստվում են ձեռագրերի կրկնօրինակներ։ Իսկ ձեռագրի կրկնօրինակ ստեղծելը բավական թանկարժեք գործընթաց է, և դրա համար սովորաբար պատկերվում է բացվածքը, այսինքն՝ այն երկու թերթը, որոնք պիտի ներկայացվեն այս կամ այն ցուցասրահում»,- ասել է Խզմալյանը։
Նրա խոսքով՝ հենց դա է պատճառը, որ Հաջիևի ցուցադրած մատյանների մյուս էջերը դատարկ են։
Մատենադարանի տնօրենը լրագրողին ցույց է տվել նաև Գանձասարում ցուցադրված մանրանկարի բնօրինակը։
«Ուզում եմ նաև նշել, որ այնտեղ ցուցադրված կրկնօրինակներից չկա գեթ մեկը, որի բնօրինակը, բնագիրը չլինի Մատենադարանում։ Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր տեսել են դեսպաններին, դիվանագիտական շրջանակներին ներկայացվող կադրերը, կճանաչեն այս պատկերը։ Սրա կրկնօրինակն է եղել դրված Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում։ Այս շքեղ մանրանկարը։ Մեկ առ մեկ կարող ենք թերթել էջերը։ Ինչ-որ առումով մենք հիմա նույնիսկ զբաղված ենք անհասկանալի բան հաստատելով կամ ապացուցելով։ Մենք ոչինչ չունենք ապացուցելու կամ հաստատելու, որովհետև ժամանակը շատ ավելի զորեղ գործիք է որևէ բան ապացուցելու համար»,- նշել է Խզմալյանը։
Չնայած դրան՝ Մատենադարանի տնօրենը հայկական մշակութային ժառանգությունը կասկածի տակ դնող դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներին և գիտնականներին հրավիրել է այցելել Երևանի Մատենադարան՝ խոստանալով փարատել նրանց բոլոր կասկածներն ու մտահոգությունները։
«Մենք հիմա ցույց ենք տալիս նույն մատյանի բնօրինակը և կրկնօրինակը, որպեսզի շատերի համար պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Նորից եմ ուզում ասել՝ մատյանի կրկնօրինակ լինելը ցույց տալու համար մենք ինքներս ցույց տանք նաև դատարկ էջերը։ Ահա այս մատյանի կրկնօրինակի դատարկ էջերը։ Եվ որևէ բանական բացատրություն չի կարող լինել, թե ընդամենը երկու էջի ցուցադրման ժամանակ մենք ինչո՞ւ պիտի նկարազարդենք և գրչագրենք մնացած թերթերը։
Եթե դուք մասնագետ, ձեռագրագետ կամ մանրանկարիչ չեք, հավանական է՝ նույնիսկ չտարբերեք, թե որտեղ է բարձրարվեստ և բարձրակարգ կրկնօրինակը, որտեղ՝ բնօրինակը։ Եվ հիմա ավելի քան անհասկանալի է ցույց տալ կրկնօրինակը և ներկայացնել դա իբրև պատմության խեղաթյուրում»,- նշել է Խզմալյանը։
Ըստ Մատենադարանի ավանդապահ Խաչիկ Հարությունյանի՝ 2015 թվականին բացված Գանձասարի մասնաճյուղի համար ընդհանուր առմամբ կրկնօրինակվել էր ավելի քան 100 մատյան։ Դրանց մեծ մասը հետագայում տեղափոխվել է Հայաստան, իսկ Գանձասարում մնացել է շուրջ երեք տասնյակ։
«Սովորաբար կրկնօրինակման համար ընտրվում են տվյալ ձեռագրի լավագույն մանրանկարները կամ լավագույն էջերը, իսկ մնացած էջերը, բնականաբար, բաց են թողնվում, որովհետև ցուցադրվելու է ընդամենը մեկ էջ։ Բայց նույնիսկ այդ մեկ կամ երկու էջը, որ պիտի ցուցադրվի, այնպիսի հարազատությամբ է կրկնօրինակվում, որ տեսնողին կամ նյութին անծանոթին թվում է, թե իսկապես բնօրինակ է»,- ասել է Հարությունյանը։
Ադրբեջանական կողմի տարածած կադրերում երևում է նաև այդ մատյաններից մեկի կրկնօրինակը։ Երևանում գտնվող դրա բնօրինակը 1232 թվականին գրված ձեռագիր է, որը 14-րդ դարի սկզբին տեղափոխվել է Ղարաբաղ և այնտեղ նկարազարդվել։
Երևանի Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի խոսքով՝ այն հայտնի է նաև որպես Թարգմանչաց Ավետարան։
«Կոչվում է նաև Թարգմանչաց Ավետարան՝ Թարգմանչաց վանքում պահվելու պատճառով, բայց շատ երկար ժամանակ պահվել է Խադավանքում, որտեղից նոր տեղափոխվել է Գանձակի տարածաշրջանի Թարգմանչաց վանք։ Տերունական պատկերները 14-րդ դարում Դոփյան իշխանական տան ներկայացուցիչների պատվերով են կատարվել»,- ասել է Մինասյանը։
Գանձասարում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Արա Խզմալյանի խոսքով՝ Մատենադարանում Գրոնոյին Երևանում արդեն ներկայացվել են ոչ միայն հայկական ձեռագրերը, այլև տարբեր քաղաքակրթությունների և կրոնների գրավոր ժառանգության նմուշներ։
«Ես ուրախությամբ պիտի նշեմ, որ այն տեղեկությունը, որ մենք փոխանցեցինք տիկին Գրոնոյին, և այն ձեռագրերը, որոնք նա տեսավ, մեծապես տպավորել էին նրան։ Կարծում եմ՝ նա բավական խորությամբ վերանայել է իր պատկերացումները՝ համեմատած մինչև Մատենադարան մտնելն ունեցած պատկերացումների հետ»,- ասել է Խզմալյանը։
Անդրադառնալով Գանձասարի պատմությանն ու ծագմանը՝ Մատենադարանի տնօրենը նշել է, որ Գանձասարի մասնաճյուղում պահվել են այդ պատմության մասին վկայող բազմաթիվ բացառիկ փաստաթղթերի կրկնօրինակներ, որոնց բնօրինակները գտնվում են Երևանի Մատենադարանում։
«Այստեղ դուք տեսնում եք ընդամենը մի քանի նմուշ՝ Գանձասարի պատմությանը վերաբերող։ Սրանք բացառիկ պատմագիտական նշանակություն ունեցող փաստաթղթեր են։ Դուք այստեղ կտեսնեք Գանձասարի մելիքների մատնադրոշմներով փաստաթղթերը, իսկ այս կնիքները նշանակում էին իշխանություն, այս կնիքը նշանակում է հոգևոր կյանք, մշակութային և տնտեսական հարաբերություններ։ Այնպես որ Գանձասարը հայության հոգևոր և մշակութային կենտրոններից մեկն է եղել»,- նշել է Խզմալյանը։
Նրա փոխանցմամբ՝ շուրջ երեք տարի է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվում է Ղարաբաղում գրված ձեռագրերի և բացառիկ, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի վերականգնման ու հանրայնացման ծրագիր։
Ծրագրի շրջանակում ամբողջությամբ վերականգնվել են այդ շրջանի ձեռագրերը, իսկ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նաև դրանց և արխիվային փաստաթղթերի հատուկ ցուցադրություն։
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի տասնյակ ներկայացուցիչներ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ սեպտեմբերի 12-ին այցելել են Գանձասար և Դադիվանք։
Գանձասարում Հաջիևը դիվանագետներին ներկայացրել է Մատենադարանի նախկին մասնաճյուղում մնացած ձեռագրերի կրկնօրինակները՝ ցույց տալով դրանց դատարկ էջերը և պնդելով, թե դրանք իբր վկայում են հայկական կողմի կողմից պատմության կեղծման մասին։
Հաջիևը նույն այցի ընթացքում հայտարարել է նաև, որ Գանձասարն ու Դադիվանքը «հին Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են» և Գանձասարի հիմնադրումը կապել է Հասան Ջալալի հետ՝ նրան ներկայացնելով որպես Կովկասյան Աղվանքի կառավարիչ։