Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը
2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողը ձերբակալվել է ազատազրկված անձանց թմրամիջոց փոխանցելու կասկածանքով։ Նրա մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 0,46 գրամ սպիտակ փոշենման զանգված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը։
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Արթիկ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվում է հիմնարկի բնակելի գոտում թմրամիջոցների իրացմամբ։
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ ծառայողը սեպտեմբերի 13-ին նախատեսել էր նյութական շահագրգռվածության դիմաց թմրամիջոց փոխանցել ազատազրկված անձանց։
Տեղեկություններն իրացնելով՝ սեպտեմբերի 13-ին ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի աշխատակիցները՝ ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, խուզարկել են նշված աշխատակցին։
Խուզարկության արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող՝ 0,46 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված։
ՔԿՀ-ի ծառայողը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի աշխատակիցների կողմից։
Նա հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։ Հայտնաբերված նյութի տեսակը պաշտոնապես դեռ չի նշվում։