ԱԳ փոխնախարարը Բրյուսելում վերահաստատել է թափանցիկ և ներառական COP17-ի կազմակերպման հարցում Հայաստանի հանձնառությունը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դեպի 2030 թվական. վերափոխելով բնապահպանական նպատակները գործողությունների» խորագրով միջոցառմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Փոխնախարար Աբիսողոմոնյանն իր խոսքում վերահաստատել է Երևանի հանձնառությունն՝ ուղղված թափանցիկ և ներառական COP17-ի կազմակերպմանը, ինչպես նաև Համաժողովի շրջանակներում համագործակցային մթնոլորտի ապահովմանը:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նաև շեշտել է COP17-ի ակյունաքարային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման տեսանկյունից: Կարևորվել է կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների հասցեագրմանն ուղղված համապատասխան ֆինանսավորման ապահովումը և ընդգծվել է առկա բացը լրացնելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի և բոլոր մյուս շահագրգիռ դերակատարների լիարժեք ներգրավվածության շնորհիվ միայն հնարավոր կլինի ապահովել արդյունավետ Համաժողովի անցկացումը:
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Բելգիայում ՀՀ դեսպանության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Բրյուսելյան գրասենյակի կողմից` Հայաստանում հյուընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքների շրջանակներում:
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են նաև դիվանագիտական կորպուսի, ԵՄ հաստատությունների, վերլուծական կենտրոնների, միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ։