Կրթություն

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերն ակտիվ փուլում են

3 րոպեի ընթերցում

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերն ակտիվ փուլում են

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Շիրակի մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերն ակտիվ փուլում են։ Ծրագրի շրջանակում Շիրակի մարզում հիմնովին կառուցվում է 12 դպրոց։ Բացի նոր շինություններից, մի շարք դպրոցներ հիմնանորոգվում են. մարզում հիմնանորոգվում է 28 դպրոց։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նշելով, որ դպրոցները ոչ միայն կառուցվում և հիմնանորոգվում են, այլ նաև համալրվում են նոր գույքով։

Ծրագրի շրջանակում կառուցված է Ամասիայի խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրի նոր դպրոցը, որը հագեցած է անհրաժեշտ նոր գույքով։ Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 739 մլն դրամ։ Դպրոցն ունի բոլոր անհրաժեշտ հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան։

«Ուզում եմ նշել, որ հիմնանորոգվող դպրոցները ոչ թե կոսմետիկ են նորոգվում, այլ հիմնովին՝ տանիք, հատակ, պատուհաններ, դահլիճներ, էներգետիկ ու ջեռուցման համակարգեր և այլն։ 28 դպրոցներից 5-ը սեպտեմբերի 1-ին արդեն շահագործման հանձնեցինք։ Ծավալները շատ մեծ են. յուրաքանչյուր դպրոցում ահռելի աշխատանքներ են իրականացվում, և հնարավոր չէր ամառային արձակուրդների ընթացքում դրանք ամբողջությամբ ավարտել»,-նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ հավելելով, որ 2026 թվականի առաջին եռամսյակին ամբողջությամբ կավարտվի 28 դպրոցների հիմնանորոգումը, իսկ նոր կառուցվող դպրոցները կհանձնվեն ավելի ուշ։

Մարզպետը նշեց նաև, որ աշխատանքների ընթացքի նկատմամբ իրականացվում է խիստ վերահսկողություն՝ ինչպես մարզպետարանի, այնպես էլ պատվիրատուների ու տեսչական մարմինների կողմից։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրակությամբ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Գյումրու «Լապտերիկ», «Արևիկ» և Անի համայնքի Սառնաղբյուրի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները։

«Մանկապարտեզների մասով Շիրակի մարզպետարանի պատվիրակությամբ հիմնանորոգվում է երեք մանկապարտեզ՝ Սառնաղբյուրում և Գյումրիում։ Դիմելու ենք նաև ՀՀ կառավարությանը՝ Գյումրու միակ տնակային մանկապարտեզի հարցով, որպեսզի այն ներառվի հաջորդ ծրագրում և կառուցվի տիպային մանկապարտեզ։ Այս ընթացքում ավելի քան քսան մանկապարտեզի գույքային խնդիր ենք լուծել, իրականացվել են վերանորոգումներ և հիմնանորոգումներ։ Վերջերս բացեցինք Վահրամաբերդի, Ախուրյան համայնքի, ինչպես նաև Արթիկ համայնքի հինգ մանկապարտեզներ։ Գրեթե ամեն ամիս նոր կառույցներ են շահագործման հանձնվում։ Վստահ եմ, որ այն երեխաները, որոնք այսօր հաճախում են այս դպրոցներն ու մանկապարտեզները, վաղվա լավ Հայաստան են կերտելու և արժանի են լավագույնին»,– նշեց Շիրակի մարզպետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում