Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է և անխուսափելիորեն հասնելու է տեղ․ Նիկոլ Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ երկրում այս պահին հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Իմ հոգևոր կյանքն այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետև ես այսօր չեմ գնում պատարագների, որպես վարչապետ, ես գնում եմ՝ որպես Հայ առաքելական եկեղեցու շարքային հետևորդ: Ապահոգևորականության մթնոլորտը, որ կար, շատ մեծ արգելք էր, հիմա այդ արգելքը հաղթահարված է, ամենամեծ խնդիրը լուծված է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Երկրորդը իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Եկեղեցականներն էլ ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ: