Մոսկվան միջոցներ կձեռնարկի Գդանսկում ՌԴ հյուպատոսության փակմանն ի պատասխան
1 րոպեի ընթերցում

Գդանսկում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանն ի պատասխան՝ Մոսկվան կկրճատի Ռուսաստանում Լեհաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Որպես պատասխան հայելային միջոց՝ ռուսական կողմը կնվազեցնի Լեհաստանի դիվանագիտական-հյուպատոսական ներկայությունը Ռուսաստանում», - ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր երկրում ներկայումս գործող Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունը փակելու որոշման մասին։
Սիկորսկու խոսքով՝ այս միջոցառումները կապված են Վարշավան Ուկրաինայի հետ կապող երկաթգծի վրա վերջերս տեղի ունեցած դիվերսիաների հետ։ Այսպիսով, Գդանսկում դիվանագիտական առաքելության փակումից հետո Ռուսաստանը Լեհաստանում հյուպատոսություններ չի ունենա, այլ միայն դեսպանատուն Վարշավայում։
Ռուսաստանում կա Լեհաստանի երկու գլխավոր հյուպատոսություն՝ Կալինինգրադում և Իրկուտսկում։