Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել և կարդացել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու բաց նամակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այո, մենք արդեն երեկ երեկոյան հանձնել ենք գրավոր տարբերակը։ Այն, ինչ հաղորդվել էր լրատվամիջոցների կողմից, փոխանցվել է նախագահին, և նա ծանոթացել է դրա հետ։ Նախագահին զեկուցվել է», - ասել է Պեսկովն «Իզվեստիա»-ի հետ զրույցում։
Նա հավելել է, որ Զելենսկու բաց նամակի թեմային, ամենայն հավանականությամբ, անդրադարձ կլինի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ, որի ընթացքում ելույթ կունենա նաև ՌԴ նախագահը։
Իր հերթին, ՏԱՍՍ-ի թղթակիցը հաղորդում է, որ Պեսկովը հրաժարվել է նշել, թե ինչպես է Պուտինն արձագանքել Ուկրաինայի նախագահի նամակին։
«Ես առաջ չեմ ընկնի», - ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցի։
Հունիսի 4-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտարարելով, որ Ուկրաինան կարող է կտրուկ բարձրացնել պատերազմի գինը Ռուսաստանի համար և կոչ անելով անձամբ հանդիպել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: