Podcast-Հարց բժշկին. 21-րդ դարի «լուռ» էպիդեմիա դարձած շաքարային դիաբետի կանխարգելումը սկսվում է գիտելիքից և առողջ ապրելակերպից
5 րոպեի ընթերցում
Նոյեմբերի 14-ին նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն հիշեցնում է ոչ միայն հիվանդության գլոբալ տարածման, այլև իրազեկման, վաղ ախտորոշման և կանխարգելման կենսական նշանակության մասին։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովայի հետ խոսել ենք հիվանդության բնույթի, ռիսկերի, բուժման նոր մոտեցումների և կանխարգելման հիմնական ուղիների մասին։
Բժիշկ-մասնագետը ներկայացրեց, որ շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն արտահայտվում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով։ Գլյուկոզան օրգանիզմի հիմնական էներգիայի աղբյուրն է, սակայն ինսուլինի պակասի կամ անբավարար աշխատանքի դեպքում այն չի ներթափանցում բջիջներ և մնում է արյան մեջ՝ վնասելով անոթներն ու նյարդային համակարգը։ Այս գործընթացն աստիճանաբար հանգեցնում է տարբեր օրգանների և համակարգերի խանգարումների, իսկ չբուժվելու դեպքում կարող է առաջացնել հաշմանդամություն և վաղաժամ մահացություն։
Ըստ վիճակագրության՝ աշխարհում շաքարային դիաբետ ունի մոտ 600 միլիոն մարդ, իսկ մոտ կես միլիարդ մարդ ունի նախադիաբետ։ Էնդոկրինոլոգի խոսքով՝ հիվանդացության աճը համաշխարհային մասշտաբով արդեն համարվում է էպիդեմիա։ Դիաբետ ունեցողների 90 տոկոսը երկրորդ տիպի դիաբետով հիվանդներ են։ Մտահոգիչ է, որ վերջին տարիներին այն հաճախ ախտորոշվում է նաև երեխաների մոտ։ Սա հիմնականում կապված է մանկական ճարպակալման և նստակյաց կենսակերպի հետ:
Անդրադառնալով հիվանդության տեսակներին՝ էնդոկրինոլոգը նշեց, որ առաջին տիպի դիաբետի դեպքում բուժումն իրականացվում է միայն ինսուլինով։ Երկրորդ տիպի դիաբետի դեպքում՝ դեղահաբերով և ապրելակերպի փոփոխությամբ, իսկ վերջին տարիներին ի հայտ են եկել նորարարական խմբի դեղամիջոցներ, որոնք հասանելի են նաև Հայաստանում։
«Դիաբետի առաջացման մեջ ժառանգական գործոնը կարևոր է, սակայն արտաքին ազդեցությունները՝ սննդակարգը, ոչ ակտիվ ֆիզիկական ապրելակերպն ավելի մեծ դեր ունեն։ Ֆասթֆուդերի, շաքարով հարուստ սննդի, տրանսճարպերի և վերամշակված ածխաջրերի հաճախակի օգտագործումը նպաստում է ոչ միայն ավելորդ քաշին, այլև գենային փոփոխություններին, որոնք բարձրացնում են հիվանդության ռիսկը: Երկրորդ տիպի դիաբետ ունեցողների շուրջ 80 տոկոսը նաև ճարպակալում ունի»,-ավելացրեց մասնագետը։
Նա ընդգծեց՝ չնայած դիաբետը հայտնի է դեռևս հին ժամանակներից, այն այսօր համարվում է 21-րդ դարի ամենատարածված և լուռ զարգացող հիվանդություններից մեկը։ Եթե 2000 թվականին աշխարհում գրանցված էր մոտ 150 միլիոն պացիենտ, այժմ թիվը հնգապատկվել է։
Մասնագետը շեշտում է՝ դիաբետը կյանքի ընթացքում մշտական վերահսկման կարիք ունի։ Նույնիսկ այն դեպքում, երբ բուժման արդյունքում գլյուկոզայի մակարդակը կարգավորվում է, անհրաժեշտ է շարունակել առողջ ապրելակերպը և պարբերաբար վերահսկել ցուցանիշները, քանի որ հիվանդության կրկնման ռիսկը միշտ պահպանվում է։
Կանխարգելման գործում, բժշկի համոզմամբ, առանցքային դեր ունեն կրթական հաստատությունները, ընտանիքներն ու համայնքները։ «Պետք է ձևավորել առողջ սննդի և ֆիզիկական ակտիվության մշակույթ։ Դպրոցներում կարևոր է ֆիզկուլտուրայի դասերի արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև շաքար պարունակող ըմպելիքների և ֆասթֆուդերի վաճառքի սահմանափակումը։ Երեխաները պետք է սովորեն, որ քաղցր ըմպելիքները և արագ սնունդը վտանգավոր են ոչ միայն ավելորդ քաշի, այլև առողջության համար»,-նշեց Ելենա Աղաջանովան։
Նրա խոսքով՝ դիաբետի կանխարգելումը սկսվում է ամենօրյա փոքր քայլերից՝ շատ շարժվելուց, չափավոր սնվելուց, քաղցրավենիքն ու հյութերը սահմանափակելուց և վնասակար սովորություններից հրաժարվելուց։
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:
Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները: