Մերձավոր Արևելք

Ռուսաստանը մտահոգված է իսրայելալիբանանյան սահմանին հրադադարի խախտումներով․ Զախարովա

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մտահոգված է իսրայելալիբանանյան սահմանին հրադադարի խախտումներով․ Զախարովա

Ռուսաստանը մտահոգված է Իսրայելի կողմից Լիբանանի հետ սահմանին հրադադարի համաձայնագրի խախտման մասին հաղորդագրությունների աճող թվով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը կապի մեջ է ինչպես Իսրայելի ղեկավարության, այնպես էլ Լիբանանի իշխանությունների և քաղաքական ուժերի հետ, և շփումների ընթացքում քննարկվում են այդ երկրների միջև սահմանին ստեղծված բարդ իրավիճակը և այլ խնդիրներ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

«Իհարկե, մենք խիստ մտահոգված ենք Իսրայելի կողմից 2024 թվականի նոյեմբերին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի խախտման վերաբերյալ վերջին շրջանում հաճախակիացող հաղորդագրությունների առնչությամբ: Այս առումով մենք բոլոր ներգրավված կողմերին փոխանցում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ խուսափելու այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել բռնության սրման և զինված հակամարտության նոր փուլի», - հավելել է Զախարովան:

Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմը տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կշարունակի ջանքերը՝ «Լիբանանի շուրջ և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում իրավիճակի հաստատուն կայունացման շահերից ելնելով»։

Միևնույն ժամանակ, Զախարովան նախընտրել է ձեռնպահ մնալ լիբանանյան լրատվամիջոցների այն հաղորդագրությունների մեկնաբանություններից, որոնց համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, իբր, Լիբանանին զգուշացրել է Իսրայելի կողմից հնարավոր հարձակման մասին։ 

«Ես անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանել այս հարցի առնչությամբ բազմաթիվ ենթադրությունները», - նշել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում