Աշխարհ

Էլ Ֆաշերում իրադրությունն օրեցօր վատթարանում է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

3 րոպեի ընթերցում

Էլ Ֆաշերում իրադրությունն օրեցօր վատթարանում է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Սուդանի Էլ Ֆաշեր քաղաքում (Հյուսիսային Դարֆուրի նահանգի վարչական կենտրոն), որը գրավել է «Արագ արձագանքման ուժեր» (ԱԱՈւ) շարժումը, հումանիտար իրավիճակը օրեցօր վատթարանում է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Արդեն ավելի քան 18 ամիս Էլ Ֆաշերը և Հյուսիսային Դարֆուրի հարակից շրջանները մնում են տառապանքի, սովի, բռնության և մարդկանց զանգվածային տեղահանության կենտրոնում: Այն ժամանակից ի վեր, ինչ անցյալ շաբաթ «Արագ արձագանքման ուժերը» մտել են Էլ Ֆաշեր, իրավիճակն օրեցօր վատթարանում է: Հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ հայտնվել են ծուղակում: Մարդիկ մահանում են թերսնումից, հիվանդություններից և բռնությունից», - ասել է նա լրագրողներին Դոհայում ՄԱԿ-ի սոցիալական զարգացման հարցերով գագաթնաժողովի շրջանակում:

Ըստ Գուտերեշի՝ ՄԱԿ-ն արձանագրում է «գենդերային և էթնիկ բռնության սարսափելի դեպքեր» և շարունակում է ստանալ «հավաստի հաղորդագրություններ զանգվածային մահապատիժների մասին այն ժամանակից ի վեր, ինչ ԱԱՈւ-ն գրավել է քաղաքը»: 

Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունն ու մարտական գործողությունները, ապահովել մարդասիրական օգնություն անարգել առաքումը հակամարտության ընդգրկած շրջաններ, ինչպես նաև կասեցնել «զենքի և զինյալների հոսքը» դեպի Սուդան։

Էլ Ֆաշերը պաշարման մեջ է մոտ մեկուկես տարի։ ԱԱՈւ-ի կազմավորումները քաղաքը գրավել են հոկտեմբերի 26-ին։ Հումանիտար  և իրավապաշտպան կազմակերպությունները լուրջ  մտահոգություն են հայտնել քաղաքը գրավելու ժամանակ ԱԱՈւ-ի գործողությունների, մասնավորապես՝ խաղաղ բնակիչների սպանությունների առնչությամբ, այդ թվում՝ էթնիկ պատկանելության պատճառով։ Սուդանի բժիշկների միությունը պնդում է, որ մահացել է առնվազն 2000 մարդ։ Հինգ օրվա ընթացքում առնվազն 36 000 մարդ է լքել Էլ Ֆաշերը։

Իրադրությունը Սուդանում սրվել է 2023 թ. ապրիլին՝ Սուվեեն խորհրդի (ժամանակավոր ղեկավար մարմին) նախագահ, բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանի և ԱԱՈւ-ի պետ Մոհամեդ Համդան Դագալոյի միջև տարաձայնությունների պատճառով։ Խարթումում բռնկված բախումներն արագ տարածվել են երկրի մյուս շրջաններում: Հակամարտության հետևանքով, ըստ փորձագետների գնահատումների, զոհվել է առնվազն 40 000 մարդ, մոտավորապես 12 միլիոն սուդանցիներ ստիպված են եղել լքել իրենց տները. նրանցից շատերը հայտնվել են սովի եզրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում