Հայաստան

Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Գուտերեշը Երևանում կոչ է արել խոստումներից անցնել գործողությունների

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մամուլի ասուլիսը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մամուլի ասուլիսը

Կենսաբազմազանության պահպանության հարցում երկրների հավակնությունների և իրական գործողությունների միջև բացը պահպանվում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ COP17-ի շրջանակներում Երևանում կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ավելացնել բնության պահպանության ֆինանսավորումը, վերացնել վնասակար խթաններն ու սուբսիդիաները և կենսաբազմազանության պաշտպանությունը ներառել պետական որոշումների հիմքում։

Ներկայացնելով կենսաբազմազանության ոլորտում համաշխարհային առաջընթացի զեկույցը՝ Գուտերեշն անդրադարձել է Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանը։ Նա հիշեցրել է, որ չորս տարի առաջ համաձայնեցված շրջանակը սահմանում է 23 թիրախ՝ կենսաբազմազանության կորուստը կասեցնելու և բնական համակարգերի նկատմամբ ճնշումները նվազեցնելու համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել այն հանգամանքը, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի գրեթե 90 տոկոսը սահմանել է ազգային թիրախներ։ Գործընթացին մասնակցում են նաև տեղական համայնքները, բնիկ ժողովուրդները, հասարակական կազմակերպություններն ու մասնավոր հատվածը։

Միաժամանակ, նրա խոսքով, արձանագրված առաջընթացը դեռ բավարար չէ սահմանված նպատակներին հասնելու համար։

«Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել։ Եվ մենք դեռ տեսնում ենք երեք գլոբալ ճգնաժամերի՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման շատ ծանր հետևանքները։ Դրանք բոլորը փոխկապակցված են»,– նշել է Գուտերեշը։

Նա ընդգծել է, որ հատկապես զարգացող երկրներում անհրաժեշտ է ավելի մեծ ծավալով ֆինանսական միջոցներ ներգրավել և զարգացնել համապատասխան կարողությունները։ Երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, իսկ կառավարությունները՝ վերանայեն բնությանը վնասող տնտեսական խթանները։

Գուտերեշը կոչ է արել դադարեցնել վնասակար սուբսիդիաները, ամրապնդել սոցիալական պաշտպանության միջոցառումները և ծախսերն ուղղել բնության համար դրական արդյունքներ ապահովող ծրագրերին։ Նա կարևորել է նաև բիզնեսի հետ համագործակցությունը՝ հստակ պարտավորություններ սահմանելու և առկա հնարավորությունները բացահայտելու համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանությունը պետք է հաշվի առնվի քաղաքականության մշակման, կառավարման և բյուջետային որոշումների ընդունման ընթացքում։

Նա անդրադարձել է նաև կենսաբազմազանության կորստի պատճառներին՝ կլիմայի փոփոխությանը, ինվազիվ օտար տեսակների տարածմանը, աղտոտմանը և բնական պաշարների անմիջական շահագործմանը՝ ընդգծելով, որ դրանց դեմ պայքարը պահանջում է փոխկապակցված գործողություններ։

Գուտերեշը կարևորել է միջազգային համագործակցությունը և պետական ու մասնավոր հատվածների, քաղաքացիական հասարակության, երիտասարդների, կանանց և բնիկ ժողովուրդների մասնակցությունը։ Նա առանձնացրել է նաև բնիկ ժողովուրդների ավանդական գիտելիքի և բնական պաշարների կառավարման փորձի նշանակությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում