Գուտերեշն աշխարհում ստեղծված կլիմայական քաոսը սպառնալիք է համարում կենսաբազմազանության համար
3 րոպեի ընթերցում

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բնության շուրջ համախմբվելու և այն սնուցելու անհրաժեշտություն է տեսնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գուտերեշը հայտարարեց Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվում է COP17 համաժողովի շրջանակներում:
«Ջուրը, օդը, հողը կենսաբազմազանության նվերներն են բոլորիս, ամեն օր մարդն օգտվում է այս երեք գանձերից, սակայն այսօր կլիմայի փոփոխությունը, թունաքիմիկատների չկարգավորված օգտագործումը, ծանր մետաղները, աղտոտումը, կենսաբազմազանության կորուստը, կլիմայական քաոսը, որ առաջացել է այսօր, սպառնում են այդ արժեքներին: Սա ենթադրում է, որ մենք բախվելու ենք անխուսափելի իրավիճակների: Չպետք է այդպես լինի, 4 տարի առաջ Մոնրեալում կողմերը համաձայնեցին գործողությունների պլան մշակել, սկզբում պետք է ավելի շատ գործողություն, ավելի մեծ արագություն, ավելի մեծ կամք»,- ասաց Անտոնիու Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է քաղհասարակության լիարժեք մասնակցություն՝ ի նպաստ նաև պետական ներդրումների ավելացման:
«Պետք է առաջնորդում բոլորի կողմից, բնապահպանական խնդիրները շատ հաճախ հարվածում են հենց ամենախոցելիներին, սակայն լուծումները հաճախ ելնում են հենց այդ խմբերից, անհրաժեշտ է երիտասարդների մասնակցություն, կանանց ներգրավվածություն։ Գիտելիքը կենսաբազմազանության հիմքում դնելով՝ մենք կարող ենք կառավարել աշխարհի ամենահզոր արհեստական բանականությունները»,- նշեց Գուտերեշը:
Անտոնիու Գուտերեշը հավելեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի դերում իր պաշտոնավարմանը մնացել է 76 օր և իր հիմնական առաջնահերթություններից է եղել եռակի ճգնաժամի՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի, աղտոտման դեմ պայքարելը:
«Շատերդ ունեք երեխաներ, թոռներ, նրանք վստահում են մեզ, մենք ենք նրանց առաջնորդները բնության պահպանության տեսանկյունից»,- ասաց նա:
Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։