Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. կրծքագեղձի քաղցկեղը տարիների ընթացքում երիտասարդանում է. բժիշկները շեշտում են կանխարգելման և իրազեկման կարևորությունը

5 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. կրծքագեղձի քաղցկեղը տարիների ընթացքում երիտասարդանում է. բժիշկները շեշտում են կանխարգելման և իրազեկման կարևորությունը

Վերջին տարիներին մասնագետները նկատում են՝  կրծքագեղձի քաղցկեղով ավելի հաճախ են հիվանդանում նաև երիտասարդ կանայք։ Բժիշկները կոչ են անում կանանց հետևել առողջ ապրելակերպին, անցնել պարբերական զննումներ և չանտեսել կանխարգելման նշանակությունը։ 

Հոկտեմբերը ողջ աշխարհում նշվում էր որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիս։ Այդ շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման   ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոքչյանի հետ  ամփոփել ենք ամիսը, խոսել ընդհանուր տվյալներից, այս պահի իրավիճակից, ոլորտի նորարարություններից և փոփոխություններից: 

Մասնագետը նշեց, որ Հայաստանում ևս այս հիվանդությունը շարունակում է զբաղեցնել կանանց շրջանում առաջին տեղը, սակայն վերջին տարիներին նկատվում է ինչպես իրազեկման, այնպես էլ բուժման արդյունավետության աճ։

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման համաշխարհային շարժումը սկիզբ է առել դեռևս 1985 թվականին՝ ԱՄՆ-ում, երբ հիվանդացությունը սկսել է կտրուկ աճել։  

Հայկուհի Գյոքչյանի խոսքով՝ Հայաստանը ևս տարիներ շարունակ միանում է այս արշավին, և տարբեր նախաձեռնությունների շրջանակում վարդագույն ժապավենը դառնում է իրազեկման գլխավոր խորհրդանիշը։ «Այս տարի այն փակցվեց խոշոր հիվանդանոցների պատերին՝ «Մեկ հետազոտությունը կարող է փրկել կյանք» կոչով։ Բացի այդ, արշավին միացան նաև Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության ներկայացուցիչները և նույնիսկ վարչապետը»,- նշեց  մասնագետը։

Հայաստանում տարեկան արձանագրվում է մոտ 1000-1500 նոր դեպք։ «Այս ցուցանիշը խոսում է ոչ միայն հիվանդացության աճի, այլև վաղ ախտորոշման մասին, քանի որ կանայք այսօր ավելի հաճախ են դիմում բժշկի, և տեխնիկական հնարավորություններն էլ էականորեն բարելավվել են»,-ընդգծեց նա։ 

Վերջին տարիներին Հայաստանում գործարկվել են մի շարք պետական ծրագրեր, այդ թվում՝ շարժական մամոգրաֆների սկրինինգային ծրագիրը, որի շնորհիվ շուրջ 40 հազար կին անցել է հետազոտություն։ Ծրագիրը նախատեսված է 45–68 տարեկան կանանց համար, սակայն առաջիկայում այն կընդլայնվի՝ ընդգրկելով ավելի լայն տարիքային խումբ։ 

Գյոքչյանի խոսքով՝ առողջապահական քաղաքականության կարևոր ուղղություններից է այն, որ պետությունն այժմ հոգում է նաև վիրահատությունների, ճառագայթային և դեղորայքային թերապիայի ծախսերը։ «Եթե հինգ տարի առաջ նման վիրահատությունները վճարովի էին, ապա այսօր դրանք կատարվում են պետական պատվերի շրջանակում։ Դեղորայքային բուժման համար պետությունը տրամադրում է նաև թանկարժեք թիրախային դեղամիջոցներ, որոնց արժեքը հասնում է միջինը 17 հազար դոլարի»,- նշեց նա։ 

Նման ծրագրերի շնորհիվ բուժման արդյունավետությունը, ըստ մասնագետի, գնալով բարձրանում է, և շատ դեպքերում հնարավոր է հասնել լիարժեք ապաքինման։ 

Խոսելով հիվանդության առաջացման գործոնների մասին՝ Գյոքչյանը նշում է, որ կրծքագեղձի քաղցկեղը հիմնականում ախտահարում է 50 և ավելի բարձր տարիքի կանանց, սակայն վերջին տարիներին նկատվում է երիտասարդացման միտում։ «Այստեղ մեծ դեր են խաղում հորմոնալ խանգարումները, ավելորդ քաշը և նստակյաց ապրելակերպը։ Ես միշտ կանանց հորդորում եմ հետևել սննդակարգին, զբաղվել սպորտով և խուսափել ինքնաբուժումից»,- ասաց մասնագետը։ 

Գյոքչյանի խոսքով՝ վերջին տասնամյակում բուժման մոտեցումները ևս էապես փոխվել են։ Եթե նախկինում կատարվում էին ամբողջական գեղձի հեռացումներ, ապա այսօր նախընտրելի են մասնակի վիրահատությունները՝ հնարավորինս գեղձը պահպանելով։ Նորագույն սարքավորումների և դեղորայքային թերապիայի շնորհիվ վիրահատությունների ծավալը նվազել է, իսկ վերականգնողական արդյունքները՝ բարելավվել։ 

Հայկուհի Գյոքչյանը շեշտում է նաև հոգեբանական աջակցության կարևորությունը․ «Ուռուցքաբանը հաճախ դառնում է նաև հոգեբան՝ օգնելով կնոջը հաղթահարել վախն ու ընկճվածությունը։ Բուժման հաջողությունը կախված է ոչ միայն բժշկական միջամտությունից, այլև հիվանդի տրամադրվածությունից։ Պետք է հավատալ, որ քաղցկեղին հնարավոր է հաղթել»,- ասաց նա։ 

Վերջում մասնագետը կրկին հիշեցրեց՝
«Ժամանակին հետազոտվելը կյանք է փրկում։ Եթե ախտորոշումը հաստատվում է, պետք չէ ընկճվել, որովհետև այսօր բժշկությունն ունի այն բոլոր միջոցները, որոնք թույլ են տալիս լիարժեք բուժվել»։ 

Թեմայի շուրջ մի շարք  այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:  

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում