Հաղորդակցային ուղիների բացումը Հայաստանին թույլ կտա օգտագործել հարևան երկրների ենթակառուցվածքային հնարավորությունները․ իրանցի փորձագետ

5 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների շրջափակման վերացումը Հայաստանին թույլ կտա օգտագործել հարևան երկրների ենթակառուցվածքային հնարավորությունները Եվրոպա մուտք գործելու համար․ դա Հայաստանի համար եկամուտներ և տնտեսական հնարավորություններ կստեղծի։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշել է իրանցի միջազգայնագետ, Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանն՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակման հեռանկարներին՝ մասնավորապես Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ընդունած խաղաղության հռչակագրով նախատեսված  «Թրամփի ուղի» (խմբ․ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրագործմանը։ 

«Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների շրջափակման վերացումը Հայաստանին թույլ կտա օգտագործել հարևան երկրների ենթակառուցվածքային հնարավորությունները Եվրոպա մուտք գործելու համար․ սա գոհացնող է, քանի որ դա Հայաստանի համար եկամուտներ և տնտեսական հնարավորություններ կստեղծի»,-ընդգծել է Մովահեդիանը: 

Փորձագետն, այդուհանդերձ, նշել է, որ դեռևս անհայտ ու անորոշ են համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման տեխնիկական մանրամասները, ինչը մտահոգություններ է առաջացնում Հայաստանի որոշ հարևանների համար։

«Մի կողմից Իրանը և Ռուսաստանը մտահոգված են, որ ԱՄՆ-ն հասանելիություն կստանա մաքսային տվյալներին և ճնշման լծակներ կստանա, մյուս կողմից պետք է նշել, որ Հայաստանը պետք է պահպանի իր տնտեսական, առևտրային, տարանցիկ կապերի բազմազանությունը և խուսափի Արևելք-Արևմուտք միջանցքից չափազանց մեծ կախվածության մեջ հայտնվելուց»,- ասել է նա՝ շեշտելով, որ ռիսկ կա, որ ԱՄՆ-ն կարող է փորձել Հայաստանի համար կենսական մատակարարումները ամբողջությամբ տեղափոխել Արևելք-Արևմուտք միջանցքի երթուղիներ՝ այդպիսով Հայաստանին կախվածության մեջ դնելով այդ միջանցքից և Իրանի ու Ռուսաստանի դեմ Հայաստանի կառավարությանը որոշումներ պարտադրելով։   

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանի համար ամենաապահով և ամենահուսալի տարանցիկ ուղին մշտապես կլինի Հյուսիս-Հարավ միջանցքը, որն անցնում է Իրանով, քանի որ, նրա գնահատմամբ, Հայաստանն, այդուհանդերձ, պետք է զգուշավոր քաղաքականություն վարի Թուրքիայի և Ադրբեջանի հետ: 

Չնայած իրանական կողմից հնչող այս մտահոգություններին՝ ՀՀ կառավարության անդամները, այդ թվում՝ Իրանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների հետ հանդիպումների ժամանակ իրանական կողմին վստահեցրել են, որ Վաշինգտոնի համաձայնագրերը որևէ կերպ Իրանի դեմ չեն։ Հակառակը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից կշահեն նաև Իրանն ու Ռուսաստանը։    

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր են ստորագրել։ Հռչակագրի երրորդ կետով կողմերը վերահաստատել են Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման կարևորությունը՝  հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Նշվում է, այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ 

Հռչակագրի չորրորդ կետով էլ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ 

Հայերեն English فارسی Русский 中文

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի