ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարարին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլին՝ հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
Շնորհավորելով ՄԱԿ Մանկական հիմնադրամի ներկայացուցչի պաշտոնը ստանձելու կապակցությամբ՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ վերջինիս փորձը և գիտելիքները լավագույնս կծառայեն վերջին տարիներին Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական ամրապնդմանն ու զարգացմանը:
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ կրթությունը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահեթություններից մեկը՝ այս համատեքստում անդրադառնալով իրականացվող հավակնոտ բարեփոխումների գործընթացին և ոլորտային առաջնահերթություններին: Կարևորվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերը երեխաների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովմանն ուղղված օրակարգի առաջմղման գործում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում մարդու իրավունքների, այդ թվում՝ երեխաների պաշտպանության և կրթության ոլորտում ՀՀ նախաձեռնություններին, մասնավորապես՝ ՄԱԿ ԳԱ շրջանակներում միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևին: