Ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» անիմացիոն ֆիլմով Երևանում մեկնարկեց «ՌեԱ» փառատոնը
10 րոպեի ընթերցում
«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ միջազգային փառատոնը, որն անցկացվում է հոկտեմբերի 19-25-ը Երևանում, մեկնարկն ազդարարեց Կինոյի տանը՝ հանդիսատեսի դատին հանձնելով ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնին սպասվում են մրցանակակիր անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ, վարպետաց դասեր, ցուցահանդեսներ, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներ և այլ ուշագրավ նախաձեռնություններ։
Փառատոնի բացմանը «ՌեԱ»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին կարևորեց պատկերապատման արվեստում փառատոնի ունեցած ներդրումը՝ նշելով, որ վերջին երեք տարում թարգմանել են, հրատարակել են պատկերապատման մի քանի հրաշալի գրքեր՝ Ժան-Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը. կարմիր պաստառի մահապարտները», Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակությունը», Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում», Լորենցո Մատոտտիի «Կրակներ և շշունջ», Լենա Դերունցի «Մխիթարանքը»:
«Մեր նպատակը պատկերապատման արվեստը զարգացնելն է. վերջին երեք տարում փառատոնի շրջանակում կազմակերպում ենք պատկերապատման մրցույթ ու նպաստում ոլորտի զարգացմանը»,- շեշտեց Քասունին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ շեշտեց՝ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնն իսկապես մեծ տոն է բոլոր արվեստասերների համար: «Փառատոնը տարիների ընթացքում կայացել է ոչ միայն որպես փառատոն, այլև ստեղծագործական համարձակության, ոգեշնչման և արվեստի կյանքի տոնի խորհրդանիշ: «ՌեԱ»-ն մեր մշակութային կյանքի ամենավառ իրադարձություններից է, որն իր շուրջ է համախմբում արվեստագետների աշխարհի տարբեր ծայրերից՝ հիշեցնելով, որ անիմացիան միայն կինո չէ, այն պատմություններ ստեղծելու և պատմելու արվեստ է, հոգու շարժման և երազելու հնարավորություն: Ուոլթ Դիսնեյն ասել է՝ եթե կարող ես երազել, ապա կարող ես նաև իրագործել երազանքդ: Հենց այդ համոզման կրողները՝ մեր սիրելի անիմատորները, մարդիկ են, որոնք երազանքները վերածում են շարժման, գույնի, հուզմունքի և արվեստի: Անիմացիան սահմաններ չի ճանաչում. այն խոսում է բոլորի հետ՝ երեխաների և մեծահասակների, տարբեր մշակույթների և լեզուների կրողների հետ երևակայության և երազի լեզվով»,- շեշտեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ Հայաստանն իր հարուստ մշակութային ժառանգությամբ միշտ եղել է պատմվածքներ հնարող ու դրանց շունչ տվող արվեստագետների երկիր:
Դանիելյանն ընդգծեց, որ «ՌեԱ» փառատոնի շնորհիվ Հայաստանը կրկին դառնում է պատկերների ստեղծման կենտրոն, մի վայր, որտեղ ծնվում են գաղափարներ և միավորվում են մշակույթներ: «Այս փառատոնը վաղուց անցել է սովորական ցուցադրությունների ձևաչափը. այն դարձել է մշակութային շարժում, որը զարգացնում է նոր սերնդի տաղանդները, կրթում, բացահայտում ու բազում ճանապարհներ բացում դեպի միջազգային հարթակներ»,- ասաց նա և հավելեց, որ վերջին 2 տարվա ընթացքում պետությունը ոլորտի զարգացմանը հատկացրել է մոտ 170 մլն դրամ՝ անիմացիոն ֆիլմերի և նախագծերի ստեղծման ու զարգացման համար:
«Սա վկայում է, որ մենք խորապես կարևորում ենք այս ոլորտի ապագան և նրա միջազգային ներկայությունը։ Այսօր մենք հպարտությամբ նշում ենք, որ հայկական անիմացիայի դպրոցը ներկայացված է աշխարհի մի շարք հեղինակավոր հարթակներում, փառատոններում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Սերբիայում և այլուր»,- նշեց փոխնախարարը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հիշեցրեց, որ ԵՄ-ն մշտապես աջակցել է «ՌեԱ»-ին, որն ամենակենսուրախ և արդյունավետ փառատոններից է և համախմբում է ոլորտի մասնագետներին, երիտասարդ ստեղծագործողներին և հանդիսատեսին: «Սա հարթակ է, որը ներկայացնում է բարձրորակն և նորարարական ստեղծագործությունները՝ ընդգծելով անիմացիայի կարևորությունը, և մեզ տալիս է երազելու, մտածելու և երևակայելու հնարավորություն: Անիմացիոն ֆիլմերի մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցն ասել է, որ անիմացիան հեքիաթ է ոչ թե երեխաների, այլ մեծերի համար: Սահակյանցը ժառանգել է ոչ միայն ֆիլմեր, այլև ամբողջական աշխարհընկալում, որտեղ առասպելն ու մանկության հիշողությունները, գեղարվեստական ազատությունը միաձուլվում են շարժանկարի լեզվի շուրջ: Այս փառատոնը գերազանց հարթակ է մարդկանց միջև համագործակցության և ստեղծագործական կապերի հաստատման ամրապնդման համար»,- ասաց դեսպանը:
«ՌեԱ» փառատոնի կարևոր բաղադրիչներից է «ՄարԱնի» հարթակը՝ նախատեսված ոլորտի ներկայացուցիչների համար։ Դրա շրջանակում հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում տեղի կունենա «ՄարԱնի» ֆորումը, որի ընթացքում միջազգային և տեղի առաջատար մասնագետները կփոխանցեն իրենց փորձը և գիտելիքները, կիրականացնեն պանելային քննարկումներ։
Ֆորումի հատուկ հյուրերից են Netflix-ի աշխարհահռչակ Arcane սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիան Ռեսանկուրը։
Փառատոնին «Թումո» կենտրոնի աջակցությամբ առաջին անգամ Հայաստան կժամանի նաև Pixar-ի Elio ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը։ Նա ելույթ կունենա «ՄարԱնի» ֆորումի շրջանակում, ինչպես նաև կունենա վարպետության դաս «Թումո»-ում, իսկ Elio-ն հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին։
ReA-ի հատուկ հյուրերից է նաև օսկարակիր ռեժիսոր Միքայել Դուդոկ դե Վիտը։ Նա ևս ելույթ կունենա «ՄարԱնի» ֆորումին։ Վարպետի հանրահայտ «Կարմիր կրիան» և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, այդ թվում՝ Օսկարի արժանացած «Հայրը և դուստրը», հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն հայաստանյան հանդիսատեսին։
«ՄարԱնի»-ի շրջանակում այս տարի ևս կանցկացվի CoReAct համարտադրության հարթակը։ Այս տարի ներկայացված է հայաստանյան անիմատորների 11 նախագիծ։ Մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն միջազգային փորձագետներին, որոնք կընտրեն լավագույն աշխատանքները, հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Ծրագրին աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Փառատոնն այս տարի հյուրաշատ է. Հայաստան է ժամանելու հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։ Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցել Մատոտտիի աշխատանքների ցուցահանդեսին ReA Comics-ի շրջանակում։
Հայաստան է ժամանելու նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը, որն ամենաանվանի հեղինակներից մեկն է Իններորդ արվեստի ժանրում։ Հոկտեմբերի 20-ին Բերբերյանը կանցկացնի աշխատարան, որտեղ մասնակիցները կծանոթանան նրա փորձին և ստեղծագործական աշխարհին։ Մյուս սպասված հյուրն իսպանացի ճանաչված կոմիքս արտիստ, իլյուստրատոր և անիմատոր Ֆերմին Սոլիսն է, որը հոկտեմբերի 22-ին կանցկացնի աշխատարան։ Հայաստան կժամանի անիմացիոն ֆիլմերի իսպանացի ճանաչված ռեժիսոր և նկարիչ Խավիեր Ռեսիո Գրասիան, որը հոկտեմբերի 24-ին կանցկացնի վարպետության դաս Հայաստանի կինոգործիչների միությունում։
ReA Comics-ի Ազգային մրցույթին ներկայացված են կոմիքսների 15 նախագիծ, որոնց ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-26-ը ՆՓԱԿ-ում։ Ժյուրին կընտրի հաղթող նախագծերը, որոնք կստանան ֆինանսական աջակցություն ԿԳՄՍ նախարարության կողմից։
17-րդ փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։
«ՌեԱ» փառատոնը (նախկինում՝ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն) տարածաշրջանի ամենահեղինակավոր և առաջատար փառատոններից է, որը, ստեղծվելով 2009 թվականին, նշանավորեց Հայաստանում անիմացիոն արվեստի զարգացման սկիզբը՝ այդպիսով ոլորտում գրանցելով աննախադեպ հաջողություններ։ Փառատոնը հիմնադրել է քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունին։ Այն խորհրդանշում է հայկական անիմացիոն պատմության «երիտասարդացումն» ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում՝ այն դիրքավորելով որպես անընդհատ զարգացող ոլորտ։