Մշակույթ

Ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» անիմացիոն ֆիլմով Երևանում մեկնարկեց «ՌեԱ» փառատոնը

10 րոպեի ընթերցում

Ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» անիմացիոն ֆիլմով Երևանում մեկնարկեց «ՌեԱ» փառատոնը

«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ միջազգային փառատոնը, որն անցկացվում է հոկտեմբերի 19-25-ը Երևանում, մեկնարկն ազդարարեց Կինոյի տանը՝ հանդիսատեսի դատին հանձնելով ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնին սպասվում են մրցանակակիր անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ, վարպետաց դասեր, ցուցահանդեսներ, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներ և այլ ուշագրավ նախաձեռնություններ։

Փառատոնի բացմանը «ՌեԱ»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին կարևորեց պատկերապատման արվեստում փառատոնի ունեցած ներդրումը՝ նշելով, որ վերջին երեք տարում թարգմանել են, հրատարակել են պատկերապատման մի քանի հրաշալի գրքեր՝ Ժան-Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը. կարմիր պաստառի մահապարտները»,  Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակությունը», Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում», Լորենցո Մատոտտիի «Կրակներ և շշունջ», Լենա Դերունցի «Մխիթարանքը»: 

«Մեր նպատակը պատկերապատման արվեստը զարգացնելն է. վերջին երեք տարում փառատոնի շրջանակում կազմակերպում ենք պատկերապատման մրցույթ ու նպաստում ոլորտի զարգացմանը»,- շեշտեց Քասունին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ շեշտեց՝ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնն իսկապես մեծ տոն է բոլոր արվեստասերների համար: «Փառատոնը տարիների ընթացքում կայացել է ոչ միայն որպես փառատոն, այլև ստեղծագործական համարձակության, ոգեշնչման և արվեստի կյանքի տոնի խորհրդանիշ: «ՌեԱ»-ն մեր մշակութային կյանքի ամենավառ իրադարձություններից է, որն իր շուրջ է համախմբում արվեստագետների աշխարհի տարբեր ծայրերից՝ հիշեցնելով, որ անիմացիան միայն կինո չէ, այն պատմություններ ստեղծելու և պատմելու արվեստ է, հոգու շարժման և երազելու հնարավորություն: Ուոլթ Դիսնեյն ասել է՝ եթե կարող ես երազել, ապա կարող ես նաև իրագործել երազանքդ: Հենց այդ համոզման կրողները՝ մեր սիրելի անիմատորները,  մարդիկ են, որոնք երազանքները վերածում են շարժման, գույնի, հուզմունքի և արվեստի: Անիմացիան սահմաններ չի ճանաչում. այն խոսում է բոլորի հետ՝ երեխաների և մեծահասակների, տարբեր մշակույթների և լեզուների կրողների հետ երևակայության և երազի լեզվով»,- շեշտեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ Հայաստանն իր հարուստ մշակութային ժառանգությամբ միշտ եղել է պատմվածքներ հնարող ու դրանց շունչ տվող արվեստագետների երկիր:

Դանիելյանն ընդգծեց, որ «ՌեԱ» փառատոնի շնորհիվ Հայաստանը կրկին դառնում է  պատկերների ստեղծման կենտրոն, մի վայր, որտեղ ծնվում են գաղափարներ և միավորվում են մշակույթներ: «Այս փառատոնը վաղուց անցել է սովորական ցուցադրությունների ձևաչափը. այն դարձել է մշակութային շարժում, որը զարգացնում է նոր սերնդի տաղանդները, կրթում, բացահայտում ու բազում ճանապարհներ բացում դեպի միջազգային հարթակներ»,- ասաց նա և հավելեց, որ վերջին 2 տարվա ընթացքում պետությունը ոլորտի զարգացմանը հատկացրել է մոտ 170 մլն դրամ՝ անիմացիոն ֆիլմերի և նախագծերի ստեղծման ու զարգացման համար:  

«Սա վկայում է, որ մենք խորապես կարևորում ենք այս ոլորտի ապագան և նրա միջազգային ներկայությունը։ Այսօր մենք հպարտությամբ նշում ենք, որ հայկական անիմացիայի դպրոցը ներկայացված է աշխարհի մի շարք հեղինակավոր հարթակներում, փառատոններում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Սերբիայում և այլուր»,- նշեց փոխնախարարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հիշեցրեց, որ ԵՄ-ն մշտապես աջակցել է «ՌեԱ»-ին, որն ամենակենսուրախ և արդյունավետ փառատոններից է և համախմբում է ոլորտի մասնագետներին, երիտասարդ ստեղծագործողներին և հանդիսատեսին: «Սա հարթակ է, որը ներկայացնում է բարձրորակն և նորարարական ստեղծագործությունները՝ ընդգծելով անիմացիայի կարևորությունը, և մեզ տալիս է երազելու, մտածելու և երևակայելու հնարավորություն: Անիմացիոն ֆիլմերի մեծանուն ռեժիսոր, սցենարիստ,  մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցն ասել է, որ անիմացիան հեքիաթ է ոչ թե երեխաների, այլ մեծերի համար: Սահակյանցը ժառանգել է ոչ միայն ֆիլմեր, այլև ամբողջական աշխարհընկալում, որտեղ առասպելն ու մանկության հիշողությունները, գեղարվեստական ազատությունը միաձուլվում են շարժանկարի լեզվի շուրջ: Այս փառատոնը գերազանց հարթակ է մարդկանց միջև համագործակցության և ստեղծագործական կապերի հաստատման ամրապնդման համար»,- ասաց դեսպանը:

«ՌեԱ» փառատոնի կարևոր բաղադրիչներից է «ՄարԱնի» հարթակը՝ նախատեսված ոլորտի ներկայացուցիչների համար։ Դրա շրջանակում հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում տեղի կունենա «ՄարԱնի» ֆորումը, որի ընթացքում միջազգային և տեղի առաջատար մասնագետները կփոխանցեն իրենց փորձը և գիտելիքները, կիրականացնեն պանելային քննարկումներ։

Ֆորումի հատուկ հյուրերից են Netflix-ի աշխարհահռչակ Arcane սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն,  Սեսիլ Էրգո-Էսեյմը  և Օրելիան Ռեսանկուրը։

Փառատոնին «Թումո» կենտրոնի աջակցությամբ առաջին անգամ Հայաստան կժամանի նաև Pixar-ի Elio ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը։ Նա ելույթ կունենա «ՄարԱնի»  ֆորումի շրջանակում, ինչպես նաև կունենա վարպետության դաս «Թումո»-ում, իսկ Elio-ն հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին։

ReA-ի հատուկ հյուրերից է նաև օսկարակիր ռեժիսոր Միքայել Դուդոկ դե Վիտը։ Նա ևս ելույթ կունենա «ՄարԱնի»  ֆորումին։ Վարպետի հանրահայտ «Կարմիր կրիան» և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, այդ թվում՝ Օսկարի արժանացած «Հայրը և դուստրը», հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն հայաստանյան հանդիսատեսին։

«ՄարԱնի»-ի շրջանակում այս տարի ևս կանցկացվի CoReAct համարտադրության հարթակը։ Այս տարի ներկայացված է հայաստանյան անիմատորների 11 նախագիծ։ Մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն միջազգային փորձագետներին, որոնք կընտրեն լավագույն աշխատանքները, հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Ծրագրին աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Փառատոնն այս տարի հյուրաշատ է. Հայաստան է ժամանելու հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։ Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցել Մատոտտիի աշխատանքների ցուցահանդեսին ReA Comics-ի շրջանակում։

Հայաստան է ժամանելու նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը, որն ամենաանվանի հեղինակներից մեկն է Իններորդ արվեստի ժանրում։ Հոկտեմբերի 20-ին Բերբերյանը կանցկացնի աշխատարան, որտեղ մասնակիցները կծանոթանան նրա փորձին և ստեղծագործական աշխարհին։ Մյուս սպասված հյուրն իսպանացի ճանաչված կոմիքս արտիստ, իլյուստրատոր և անիմատոր Ֆերմին Սոլիսն է, որը հոկտեմբերի 22-ին կանցկացնի աշխատարան։ Հայաստան  կժամանի անիմացիոն ֆիլմերի իսպանացի ճանաչված ռեժիսոր և նկարիչ Խավիեր Ռեսիո Գրասիան, որը հոկտեմբերի 24-ին կանցկացնի վարպետության դաս Հայաստանի կինոգործիչների միությունում։

ReA Comics-ի Ազգային մրցույթին ներկայացված են կոմիքսների 15 նախագիծ, որոնց ցուցադրությունը տեղի կունենա  հոկտեմբերի 21-26-ը ՆՓԱԿ-ում։ Ժյուրին կընտրի հաղթող նախագծերը, որոնք կստանան ֆինանսական աջակցություն ԿԳՄՍ նախարարության կողմից։ 

17-րդ փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ 

«ՌեԱ» փառատոնը (նախկինում՝ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն) տարածաշրջանի ամենահեղինակավոր և առաջատար փառատոններից է, որը, ստեղծվելով 2009 թվականին, նշանավորեց Հայաստանում անիմացիոն արվեստի զարգացման սկիզբը՝ այդպիսով ոլորտում գրանցելով աննախադեպ հաջողություններ։ Փառատոնը հիմնադրել է քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունին։ Այն խորհրդանշում է հայկական անիմացիոն պատմության «երիտասարդացումն» ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում՝ այն դիրքավորելով որպես անընդհատ զարգացող ոլորտ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում