«Բյուրականյան փառատոն 2025»-ը միավորել էր գիտությունը, արվեստը, արհեստները և սպորտը

8 րոպեի ընթերցում

«Բյուրականյան փառատոն 2025» խորագրով գեղեցիկ միջոցառում անցկացվեց հոկտեմբերի 8-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում: Այն նվիրված էր այս օրերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Երևանում ընթացող «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» միջազգային կոնֆերանսին և Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոնի հիմնադրման 10-ամյակին։

Միջոցառմանը հրավիրվել էին տարբեր ոլորտների անվանի ներկայացուցիչներ, որոնք մասնակցությունը յուրահատուկ մթնոլորտ էր ձևավորել: Կազմակերպիչներին հաջողվել էր ներդաշնակորեն մեկտեղել գիտության, արվեստի, արհեստների և նույնիսկ սպորտի ոլորտները: Օրակարգը հագեցած էր տարբեր ուշագրավ իրադարձություններով:

Աստղադիտարանի տարածքի տարբեր հատվածներում միաժամանակ ստեղծագործում էր 9 գեղանկարիչ: Նկարիչների միջազգային ասոցիացիայի համանախագահ Լազար Միրզոյանի նախաձեռնությամբ այստեղ աշխատում էին նաև քանդակագործներ, խաչքարագործներ և գորգագործներ:

Քանդակագործ Կամո Ալոյանը կերտում էր Քարահունջի ժայռապատկերների դրվագները:

Տեղի ունեցավ նաև աստղալուսանկարիչներ Սուրեն Մանվելյանի և Ինգա Ավանեսովայի ցուցահանդեսը:

Մասնակիցներին ներկայացվեցին աստղադիտարանում կիրառվող տարբեր աստղադիտակները:

Փառատոնին յուրօրինակ հմայք հաղորդեցին շախմատային մրցավեճերը: Հատվածներից մեկում հետաքրքիր պարտիա անցկացրեցին գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որոնց պայքարի ասպարեզ էր դարձել մեծ չափի խաղատախտակը, իսկ խաղաքարերի դերը ստանձնել էին Հայաստանի շախմատային ակադեմիայի սաները: Ակադեմիայի հիմնադիր նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն առանձին միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց աստղագետների և այլ հրավիրյալների հետ:

Փառատոնը ուղեկցվեց հաճելի երաժշտությամբ, «Վարսյա» պարային համույթի ելույթով: Կատարումներով հանդես եկան հեղինակային երգի վարպետ Լիլիթ Պիպոյանը, ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, դաշնակահարներ Արսեն Ադոնցը և Վասիլի Ռոլիչը:

Ողջունելով մասնակիցներին՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, մասնավորապես, նշեց, որ սա Երևանում ընթացող գիտաժողովի շրջանակները ստեղծագործող մարդկանց ներգրավմամբ ընդլայնելու և գիտության և մյուս ոլորտների միջև կապ ստեղծելու փորձ է: Նրա խոսքով՝ փորձել են կարճ ժամանակով վերարտադրել հին Երևանի մթնոլորտը, երբ քաղաքի կենտրոնում կարելի էր հանդիպել տարբեր անվանի մարդկանց:

Կազմակերպիչները մտադիր են ավանդական դարձնել փառատոնը:

«Մի առիթով ասել եմ, որ գիտությունը մարդու մտքի արվեստն է, իսկ արվեստը մարդու հոգու գիտությունն է: Գիտությունը և արվեստը մարդու ստեղծագործ, պրպտող մտքի դրսևորումներն են: Փորձել ենք ընդգծել հենց այդ հանգամանքը»,- շեշտեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

Արեգ Միքայելյանը նաև հիշեցրեց, որ Բյուրականի աստղադիտարանը հատուկ կարգավիճակ ունեցող գիտական հաստատություն է՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող 32 ինստիտուտներից մեկը: 2013 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է ազգային արժեքի կարգավիճակ, իսկ 2015-ին Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: 2021 թվականին էլ ընդգրկվել է Համաշխարհային աստղագիտական ժառանգության ցանկում: Բացի այդ, աստղադիտարանի տարածքը համարվում է դենդրոպարկ և ունի պահպանվող տարածքի կարգավիճակ:

Արեգ Միքայելյանը հայտնեց, որ այստեղ շուտով կստեղծվի նաև աստղացուցարան:

Բացի այդ, աստղադիտարանի հյուրատանը տեղի ունեցավ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի անվան սենյակի բացման և հուշատախտակի տեղադրման հանդիսավոր արարողությունը:

Մարտիրոս Սարյանը Վիկտոր Համբարձումյանի հրավերով որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է աստղադիտարանի տարածքում գտնվող Համբարձումյանի տանը: Հաստատվել է դեպի Մասիս նայող սենյակում, որտեղ էլ ստեղծել է բիբլիական լեռան մի քանի նկարներ:

Նրա թոռնուհի Ռուզան Սարյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց՝ շատ հուզված է, քանի որ առաջին անգամ է գտնվում այս սենյակում:

«Գիտեմ, թե Սարյանի համար որքան կարևոր էին այդ այցելությունները Բյուրական, որքան արդյունավետ է նա աշխատել այստեղ 1957-58 թվականներին: Այս սենյակից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Մարտիրոս Սարյանի այստեղ հեղինակած Արարատ լեռան երեք նկարներ հիմա գտնվում են նրա տուն-թանգարանում: Պահպանվել են նաև Սարյանի գրած բազում հուշերը և նամակներն այն մասին, թե այդ ժամանակաշրջանը որքան կարևոր էր նրա ստեղծագործական կյանքում և կենսագրությունում: Ի դեպ, Սարյանի հետաքրքրվածությունն աստղերով ձևավորվել է մանկուց: Շատ երջանիկ եմ այս հրաշալի գաղափարի իրագործման՝ սենյակի պատին համապատասխան հուշատախտակ փակցնելու որոշման համար»,- հայտնեց Ռուզան Սարյանը:

Տեղի ունեցավ նաև Վիկտոր Համբարձումյանի որդու՝ ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանի հեղինակած «Արհեստական ձնամբարները որպես ջրային ռեսուրսների կառավարման միջոց» նախագծի ներկայացումը:

Ռուբեն Համբարձումյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը տարբեր զգացումներ է առաջացրել իր հոգում.

«Այստեղ եմ անցկացրել մանկությունս: Հետաքրքիր հուշերը շատ են, դա իմ կյանքի մի հատվածի հետ է կապված: Այսօր հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է գիտակցում, վերաբերում մեր հասարակությունը իր պատմության փառավոր կառույցներից մեկին»:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը: ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ակադեմիան հիմնականում ասոցացվում է Վիկտոր Համբարձումյանի հետ, ով այն գլխավորել է 46 տարի: Նա անդրադարձավ նաև աստղադիտարանի կարգավիճակը փոխելու վերաբերյալ քննարկվող գաղափարին:

«Այս աստղադիտարանն իսկապես ազգային արժեք է՝ ճանաչված է ամբողջ աշխարհում և ունի լրջագույն գիտական կենտրոնի համարում:  Սա նաև հայկական փառավոր գիտության պատմության անբաժան մասն է: Գիտեք, որ ակադեմիայի կազմում գործող ինստիտուտները միավորում են: Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում, բայց հատուկ դիմել եմ, որ այս աստղադիտարանը թողնեն ակադեմիայի կազմում: Կարծես, բացառություն չեն ցանկանում անել: Բազմաթիվ զարգացած երկրներում հակառակն են անում՝ նման կենտրոնների շուրջ են համալսարաններ ստեղծում: Սա միջազգային լուրջ հեղինակություն ունեցող գիտահետազոտական կառույց է, որի մասնագետներն ընդգրկված են նաև կրթական համակարգերում: Այն պետք է իր շուրջը համախմբի, այլ ոչ թե միացվի ինչ-որ կառույցի: Բյուրականի աստղադիտարանը միջազգային ճանաչում է բերել հայրենի գիտությանը: Ամեն դեպքում, հուսով եմ, որ լավ կլինի»,- նշեց ԳԱԱ նախագահը:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա