NASA-ն Լուսնի վրա Հռոմի Կոլիզեյից ավելի մեծ նոր խառնարան է հայտնաբերել
2 րոպեի ընթերցում

Գիտնականները Լուսնի վրա հայտնաբերել են Հռոմի Կոլիզեյից ավելի մեծ խառնարան, որն առաջացել է 2024 թվականին աստերոիդի կամ գիսաստղի բեկորի՝ Լուսնին բախվելու հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA)։
Խառնարանի տրամագիծը մոտ 222 մետր է, իսկ խորությունը՝ մինչև 43 մետր։ Այն հայտնաբերել է NASA-ի Lunar Reconnaissance Orbiter (LRO) ուղեծրակայանը, որը 2024 թվականի ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում արձանագրել է Լուսնի մակերևույթի փոփոխությունները։ Բախումը աստղադիտակներով իրական ժամանակում չի դիտարկվել, իսկ առաջին լուսանկարները նույնականացվել են միայն 2025 թվականի օգոստոսին։

Խառնարանն անվանվել է Հյուսթոնում գտնվող Լուսնի և մոլորակային գիտությունների ինստիտուտի նախկին տնօրեն Թոմաս ՄաքԳետչինիի անունով։ Այն երեք անգամ գերազանցում է LRO-ի կողմից 10 տարի առաջ գրանցված նախորդ ռեկորդային խառնարանի չափը։ Հետազոտողների գնահատմամբ՝ նման մասշտաբի բախումներ տեղի են ունենում մոտավորապես 130 տարին մեկ։

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ լուսնային հողի արտանետված մասնիկները տարածվել են ավելի քան 100 կմ շառավղով, իսկ նյութի տարածման անկյունը սպասվածից ավելի մեծ է եղել։

LRO-ն Լուսնի ուղեծրում գործում է 2009 թվականից և վերահսկում է դրա մակերևույթը՝ առաջիկայում մարդու մասնակցությամբ առաքելություններին նախապատրաստվելու համար։
Գործակալությունը նախատեսում է նոր տվյալներն օգտագործել ապագա լուսնային բազայի կառուցման ռիսկերը գնահատելու համար։