Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ

Ամերիկյան ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն,  պլանավորում է ակտիվորեն կիրառել դրոններ և արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները լուսնային բազա ստեղծելու գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՆԱՍԱ-ի լուսնային բազայի ստեղծման ծրագրի ղեկավար Կառլոս Գարսիա Գալանը։

«Արհեստական ​​բանականությունը հիմնական ուղղություններից մեկն է։ Եթե պատկերացնեք, թե ինչ պետք է անի անօդաչու թռչող սարքը՝ ուսումնասիրել տարածքները և համապատասխան վայրեր գտնել վայրէջքի համար, ապա արհեստական ​​բանականությունը կարող է զգալիորեն օգնել այս հարցում», - հայտարարել է Գարսիա Գալանը։

ՆԱՍԱ-ի ներկայացուցչի խոսքով՝ գործակալությունը ներկայում դեռ գտնվում է լուսնային բազայի կառուցման նախագծի սկզբնական փուլում, ուստի աշխատանքի ընթացքում դեռ լինում են փորձեր և սխալներ։

«Մենք դեռ այս գործընթացի սկզբում ենք, ուստի այժմ զբաղվում ենք համակարգերի ստեղծմամբ», - հավելել է նա։

Մարտին ամերիկյան տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ աշխատելու է Լուսնի վրա մշտական ​​բազայի փուլային ստեղծման ուղղությամբ։ ՆԱՍԱ-ն պլանավորում է բազան կառուցել երեք փուլով։ Նախ՝ Երկրի արբանյակ պետք է հասցնել տրանսպորտ, ստեղծել բազային էներգետիկ, գիտական ​​և հաղորդակցման ենթակառուցվածքներ: Երկրորդ փուլով պլանավորվում է ստեղծել երկրային բնակելի ենթակառուցվածքի և լոգիստիկայի նմանակ՝ օտարերկրյա տիեզերական գործակալությունների մշակումներով: Եզրափակիչ փուլը, ինչպես ակնկալվում է, կդառնա Լուսնի վրա մարդու երկարատև գտնվելու պայմանների ապահովումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում