Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Ընդգծվել է խաղաղության և վերջինիս առկայության պայմաններում միջտարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը:
Գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճող դինամիկան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների մասով:
Հայաստանի և Իրաքի նախարարները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում օրակարգային հարցերի շուրջ փոխգործակցությունը: