Մշակույթ

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

3 րոպեի ընթերցում

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

Ամփոփվել է «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ի շրջանակում անցկացված «Հորիզոնից Անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, որի նպատակն էր խրախուսել գիտության, տեխնոլոգիաների և ապագայի մասին ստեղծագործական մտածողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի ամփոփիչ միջոցառմանը ժյուրիի երեք անդամներն անդրադարձան ներկայացված աշխատանքների ուժեղ կողմերին ու հիմնական դժվարություններին, ինչպես նաև հեղինակներին տրամադրեցին հետագա ստեղծագործական աշխատանքի համար գործնական խորհուրդներ։

«Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» պատմվածքը առաջին տեղում է։

Աննա Մուրադյանի «Մտքի սպին» զբաղեցրել է երկրորդ, Սիմա Սեդրակյանի  «Տեմպորալ հարբուխ»-ը՝ երրորդ տեղը։

«Այս մրցույթում մեզ համար կարևոր էր ներշնչանքի գրադարանը։ Ուզում էինք մասնակիցներին տալ ոչ թե պատրաստի սյուժեներ, այլ իրական գիտական գաղափարներ, հետազոտություններ ու հարցեր, որոնք կարող էին դառնալ սեփական աշխարհներ և պատմություններ կառուցելու մեկնակետ։ Այդպես փորձել ենք ցույց տալ, որ գիտությունը կարող է լինել ոչ միայն ուսումնասիրության առարկա, այլ նաև ստեղծագործական երևակայության աղբյուր», - նշեց «Գիտուժի» Ծրագրերի ղեկավար Ֆլորա Բաբաջանյանը։

«Արմկոն» ֆենթեզի և գիտաֆանտաստիկ մրցույթների համամինադիր և կազմակերպիչ Ֆռունզ Հարությունյանի խոսքով՝ նման ժանրերը հարստացնում են Հայաստանի գրական միտքը, կենդանի ու ակտուալ են պահում լեզուն և ընդհանուր առմամբ ունեն դրական ազդեցություն։

Մրցույթը «Գիտության շաբաթ»-ի նախաձեռնություններից մեկն է, որը նպատակ ունի գիտությունն ու տեխնոլոգիաները ներկայացնել ոչ միայն որպես մասնագիտական ոլորտ, այլ նաև որպես երևակայության, ստեղծագործության և ապագան պատկերացնելու գործիք։

Մրցույթի համակազմակերպիչներն են «Գիտուժ» նախաձեռնությունը և Արմկոնը։ Մրցույթի գլխավոր գործընկերը «Զանգակ» հրատարակչությունն է։

Մրցույթի աջակիցներն են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Գիտությունների ազգային ակադեմիան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում