«Բյուրականյան փառատոն 2025»-ը միավորել էր գիտությունը, արվեստը, արհեստները և սպորտը
8 րոպեի ընթերցում

«Բյուրականյան փառատոն 2025» խորագրով գեղեցիկ միջոցառում անցկացվեց հոկտեմբերի 8-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում: Այն նվիրված էր այս օրերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Երևանում ընթացող «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» միջազգային կոնֆերանսին և Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոնի հիմնադրման 10-ամյակին։

Միջոցառմանը հրավիրվել էին տարբեր ոլորտների անվանի ներկայացուցիչներ, որոնք մասնակցությունը յուրահատուկ մթնոլորտ էր ձևավորել: Կազմակերպիչներին հաջողվել էր ներդաշնակորեն մեկտեղել գիտության, արվեստի, արհեստների և նույնիսկ սպորտի ոլորտները: Օրակարգը հագեցած էր տարբեր ուշագրավ իրադարձություններով:
Աստղադիտարանի տարածքի տարբեր հատվածներում միաժամանակ ստեղծագործում էր 9 գեղանկարիչ: Նկարիչների միջազգային ասոցիացիայի համանախագահ Լազար Միրզոյանի նախաձեռնությամբ այստեղ աշխատում էին նաև քանդակագործներ, խաչքարագործներ և գորգագործներ:
Քանդակագործ Կամո Ալոյանը կերտում էր Քարահունջի ժայռապատկերների դրվագները:

Տեղի ունեցավ նաև աստղալուսանկարիչներ Սուրեն Մանվելյանի և Ինգա Ավանեսովայի ցուցահանդեսը:

Մասնակիցներին ներկայացվեցին աստղադիտարանում կիրառվող տարբեր աստղադիտակները:
Փառատոնին յուրօրինակ հմայք հաղորդեցին շախմատային մրցավեճերը: Հատվածներից մեկում հետաքրքիր պարտիա անցկացրեցին գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որոնց պայքարի ասպարեզ էր դարձել մեծ չափի խաղատախտակը, իսկ խաղաքարերի դերը ստանձնել էին Հայաստանի շախմատային ակադեմիայի սաները: Ակադեմիայի հիմնադիր նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն առանձին միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց աստղագետների և այլ հրավիրյալների հետ:

Փառատոնը ուղեկցվեց հաճելի երաժշտությամբ, «Վարսյա» պարային համույթի ելույթով: Կատարումներով հանդես եկան հեղինակային երգի վարպետ Լիլիթ Պիպոյանը, ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, դաշնակահարներ Արսեն Ադոնցը և Վասիլի Ռոլիչը:
Ողջունելով մասնակիցներին՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, մասնավորապես, նշեց, որ սա Երևանում ընթացող գիտաժողովի շրջանակները ստեղծագործող մարդկանց ներգրավմամբ ընդլայնելու և գիտության և մյուս ոլորտների միջև կապ ստեղծելու փորձ է: Նրա խոսքով՝ փորձել են կարճ ժամանակով վերարտադրել հին Երևանի մթնոլորտը, երբ քաղաքի կենտրոնում կարելի էր հանդիպել տարբեր անվանի մարդկանց:

Կազմակերպիչները մտադիր են ավանդական դարձնել փառատոնը:
«Մի առիթով ասել եմ, որ գիտությունը մարդու մտքի արվեստն է, իսկ արվեստը մարդու հոգու գիտությունն է: Գիտությունը և արվեստը մարդու ստեղծագործ, պրպտող մտքի դրսևորումներն են: Փորձել ենք ընդգծել հենց այդ հանգամանքը»,- շեշտեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
Արեգ Միքայելյանը նաև հիշեցրեց, որ Բյուրականի աստղադիտարանը հատուկ կարգավիճակ ունեցող գիտական հաստատություն է՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող 32 ինստիտուտներից մեկը: 2013 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է ազգային արժեքի կարգավիճակ, իսկ 2015-ին Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: 2021 թվականին էլ ընդգրկվել է Համաշխարհային աստղագիտական ժառանգության ցանկում: Բացի այդ, աստղադիտարանի տարածքը համարվում է դենդրոպարկ և ունի պահպանվող տարածքի կարգավիճակ:
Արեգ Միքայելյանը հայտնեց, որ այստեղ շուտով կստեղծվի նաև աստղացուցարան:
Բացի այդ, աստղադիտարանի հյուրատանը տեղի ունեցավ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի անվան սենյակի բացման և հուշատախտակի տեղադրման հանդիսավոր արարողությունը:

Մարտիրոս Սարյանը Վիկտոր Համբարձումյանի հրավերով որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է աստղադիտարանի տարածքում գտնվող Համբարձումյանի տանը: Հաստատվել է դեպի Մասիս նայող սենյակում, որտեղ էլ ստեղծել է բիբլիական լեռան մի քանի նկարներ:

Նրա թոռնուհի Ռուզան Սարյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց՝ շատ հուզված է, քանի որ առաջին անգամ է գտնվում այս սենյակում:

«Գիտեմ, թե Սարյանի համար որքան կարևոր էին այդ այցելությունները Բյուրական, որքան արդյունավետ է նա աշխատել այստեղ 1957-58 թվականներին: Այս սենյակից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Մարտիրոս Սարյանի այստեղ հեղինակած Արարատ լեռան երեք նկարներ հիմա գտնվում են նրա տուն-թանգարանում: Պահպանվել են նաև Սարյանի գրած բազում հուշերը և նամակներն այն մասին, թե այդ ժամանակաշրջանը որքան կարևոր էր նրա ստեղծագործական կյանքում և կենսագրությունում: Ի դեպ, Սարյանի հետաքրքրվածությունն աստղերով ձևավորվել է մանկուց: Շատ երջանիկ եմ այս հրաշալի գաղափարի իրագործման՝ սենյակի պատին համապատասխան հուշատախտակ փակցնելու որոշման համար»,- հայտնեց Ռուզան Սարյանը:
Տեղի ունեցավ նաև Վիկտոր Համբարձումյանի որդու՝ ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանի հեղինակած «Արհեստական ձնամբարները որպես ջրային ռեսուրսների կառավարման միջոց» նախագծի ներկայացումը:
Ռուբեն Համբարձումյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը տարբեր զգացումներ է առաջացրել իր հոգում.

«Այստեղ եմ անցկացրել մանկությունս: Հետաքրքիր հուշերը շատ են, դա իմ կյանքի մի հատվածի հետ է կապված: Այսօր հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է գիտակցում, վերաբերում մեր հասարակությունը իր պատմության փառավոր կառույցներից մեկին»:
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը: ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ակադեմիան հիմնականում ասոցացվում է Վիկտոր Համբարձումյանի հետ, ով այն գլխավորել է 46 տարի: Նա անդրադարձավ նաև աստղադիտարանի կարգավիճակը փոխելու վերաբերյալ քննարկվող գաղափարին:

«Այս աստղադիտարանն իսկապես ազգային արժեք է՝ ճանաչված է ամբողջ աշխարհում և ունի լրջագույն գիտական կենտրոնի համարում: Սա նաև հայկական փառավոր գիտության պատմության անբաժան մասն է: Գիտեք, որ ակադեմիայի կազմում գործող ինստիտուտները միավորում են: Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում, բայց հատուկ դիմել եմ, որ այս աստղադիտարանը թողնեն ակադեմիայի կազմում: Կարծես, բացառություն չեն ցանկանում անել: Բազմաթիվ զարգացած երկրներում հակառակն են անում՝ նման կենտրոնների շուրջ են համալսարաններ ստեղծում: Սա միջազգային լուրջ հեղինակություն ունեցող գիտահետազոտական կառույց է, որի մասնագետներն ընդգրկված են նաև կրթական համակարգերում: Այն պետք է իր շուրջը համախմբի, այլ ոչ թե միացվի ինչ-որ կառույցի: Բյուրականի աստղադիտարանը միջազգային ճանաչում է բերել հայրենի գիտությանը: Ամեն դեպքում, հուսով եմ, որ լավ կլինի»,- նշեց ԳԱԱ նախագահը:
