Միացյալ Նահանգներ

Սիրիայի նախագահն ԱՄՆ հատուկ բանագնացի հետ քննարկել է երկրում վերջին զարգացումները

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահն ԱՄՆ հատուկ բանագնացի հետ քննարկել է երկրում վերջին զարգացումները

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հոկտեմբերի 7-ին Դամասկոսում ընդունել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքին և ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերին։ Կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և մարտի 10-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հետ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման մեխանիզմները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև Սիրիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարները, հետախուզության ղեկավարը։ 

«Հանդիպման առանցքում են եղել Սիրիայում վերջին զարգացումները, քաղաքական գործընթացին աջակցելու ուղիները և անվտանգության ու կայունության ամրապնդման ջանքերը», - հայտարարել է Սիրիայի նախագահի գրասենյակը։ 

Ըստ հաղորդագրության՝ քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել մարտի 10-ին Սիրիայի կառավարության և ՍԴՈւ-ի միջև կնքված համաձայնագրի իրականացման մեխանիզմներին այնպես, որ պաշտպանվի երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Կողմերի միջև կնքված համաձայնագրով նախատեսվում է քաղաքական գործընթացում Սիրիայի փոքրամասնությունների հավասար ներկայացվածություն, ինչպես նաև ՍԴՈւ-ի ինտեգրում երկրի ռազմական և քաղաքացիական կառույցներում։ 

Ավելի վաղ Հալեպում բախումներ էին տեղի ունեցել կառավարական ուժերի և ՍԴՈւ-ի միջև։ Այնուհետև կողմերի միջև հրադադար է ձեռք բերվել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում